Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը
10.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։
Նիստը վարում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցում էին ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերություններին համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։
Ավելի դետալային քննարկվել են նախորդ նիստում առանձնացված խնդիրների լուծման երկու տարբերակները, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կներկայացվեն վարչապետի հաստատմանը։