Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 30 դպրոցում նշվեց Մայրության և գեղեցկության տոնը
09.04.2025

Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցում հանդիսավորությամբ նշվեց Մայրության և գեղեցկության տոնը: Միջոցառումը կրում էր «Մարդկային կատարելություն» խորագիրը:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուներ, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները, հյուրեր:
Դպրոցի տնօրեն Լիանա Բաբայանը բացման խոսքում ընդգծեց տոնի խորհրդի կարևորությունը, բարձր գնահատեց ուսուցչուհիների նվիրումը կրթական գործընթացին:
Հանդիսության ընթացքում ներկաներին ջերմորեն շնորհավորեց Արփինե Մատինյանը՝ ներկայացնելով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.
- Կյանքը ձեզնով է հարատևում և սրբագույն էությունները՝ մայր հայրենիքը, մայրենի լեզուն, արժևորվում են մայրության սիրո խորհրդով: Ձեր բացառիկ կենսատու դերն ամենուրեք մեր ուղեկիցն է: Անսահման երախտագիտությամբ շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն-, մասնավորապես նշված էր ուղերձում:
Լոռու մարզպետի կողմից նաև անակնկալ կերպով ծաղիկներ նվիրվեցին միջոցառմանը ներկա կանանց և աղջիկներին:
«Մարդկային կատարելություն» խորագիրը կրող միջոցառմանը իր օրհնության խոսքը հղեց Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ՝ ներկաներին շնորհավորելով մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:
Գեղեցիկ ձևավորված դահլիճում աշակերտներն՝ ընդգծելով մայրության սրբազան արժեքը մեր հասարակության մեջ ներկայացրին կնոջ կերպարը տարբեր ժամանակաշրջաններում՝ երգերի, պարերի, ասմունքի և բեմադրությունների միջոցով:
Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծեցին, որ գրական-գեղարվեստական միջոցառումները կրթադաստիարակչական մեծ նշանակություն ունեն և այսօր մեծապես կարևորվում է դպրոցների ակտիվությունն այս հարցում: