Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը մասնակցել են շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը և այցելել նոր վարակաբանական բաժանմունք
08.04.2025

Մամոգրաֆիայի սենյակի բացման միջոցառումից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և այլ պաշտոնյաներ ուղևորվեցին Հանրապետական շտապօգնության Վանաձորի կայան:
Վերջինս ՀՀ ԱՆ աջակցությամբ այսօր համալրվեց շտապօգնության 2 ռեանիմոբիլով:
Պաշտոնյաները ծանոթացան մեքենաների տեխնիկական հնարավորություններին: Շտապօգնության մեքենաները վերազինված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պատրաստ են համալրելու մարզային շտապօգնության ավտոպարկը:
Առողջապահության նախարարը նշեց, որ մեքենաների համալրումը կնպաստի բժշկական անհետաձգելի օգնության որակի բարելավմանը և հասանելիության ապահովմանը Լոռու մարզի բնակչության համար:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կարևորեց շտապօգնության ծառայության դերը մարզի առողջապահական համակարգում և նշեց, որ նոր մեքենաների ձեռքբերումը կօգնի առավել արագ արձագանքել և բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Շտապօգնության մեքենաների հանձնման արարողությունից հետո պաշտոնյաները շրջայց կատարեցին նաև «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վարակաբանական բաժանմունքի նորակառույց մասնաշենքում:
Շինարարությունն ավարտական փուլում է, ներկա պահին կատարվում են կահավորման աշխատանքներ:
Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը հետևեցին աշխատանքների ընթացքին, քննարկեցին մասնաշենքի գործարկման հետ կապված հարցերը և կառույցի կահավորման և տեխնիկական հագեցվածության գործընթացի մանրամասները:
Նրանք ընդգծեցին նորակառույց վարակաբանական բաժանմունքի կարևորությունը մարզի առողջապահական համակարգի զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ այն զգալիորեն կբարելավի վարակիչ հիվանդությունների բուժման հնարավորությունները Լոռու մարզում:
Մասնաշենքի կառուցումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատվիրատվությամբ՝ «Եվրասիական կառուցման և զարգացման» հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 908 միլիոն դրամ է: