Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մամոգրաֆիկ հետազոտությունն արդեն հասանելի է Լոռու մարզում
08.04.2025

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ ձեռք է բերել վերջին սերնդի թվային մամոգրաֆ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Մամոգրաֆիայի սենյակի բացման արարողությունն անցկացվել է Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին:
Մամոգրաֆիայի կաբինետի բացման առթիվ իր ելույթում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը կարևորել է նորագույն սարքավորման ձեռքբերումը, շնորհակալություն հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, Լոռու մարզպետի աշխատակազմին աջակցության համար՝ նշելով, որ կենտրոնը շարունակելու է ընդլանել իր ծառայությունների ցանկը և բարձրացնել վերջիններիս մատուցման որակը:
Միջոցառմանն օրհնության խոսք է հղել Գուգարաց թեմի առաջնորդը:
Լոռու մարզում նոր ծառայությունների մեկնարկը կարևորել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ընդգծել մամոգրաֆիկ ծառայության դերը մարզի կանանց առողջության պահպանման, կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար:
Նախաձեռնությունը բարձր է գնահատվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից: Նա նշել է, որ ԱՀԿ-ն մշտապես ողջունում է նման նախաձեռնությունները և հավելել, որ ժամանակակից մամոգրաֆիկ սարքի առկայությունը Լոռու մարզում կնպաստի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և հատկապես մարզերում բնակվող կանանց առողջության պահպանմանը:
Առողջապահության նախարարը Վանաձորի բժշկական կենտրոնում կաբինետի բացման առթիվ ասել է, որ մամոգրաֆիկ սարքի ձեռքբերմամբ Լոռու մարզում տրվում է նաև սքրինինգային ծրագրի մեկնարկը.
- Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է, - ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է, որ այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք այս խմբերից որևէ մեկի շահառու են, կրծքագեղձի սքրինինգը և դրան հաջորդող ամբողջ շղթան կապահովվի պետական պատվերի միջոցով:
Այդ խմբերն են՝
• Առաջինից երրորդ կարգի հաշմանդամ
• Սոցփաթեթի շահառու
• Ունեն սոցիալական խումբ
• Ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ
Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ Առողջապահության նախարարության ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:
Լոռու մարզպետը նշել է, որ այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է մարզի առողջապահական համակարգի զարգացման գործում: Արամ Ղազարյանն ընդգծել է, որ ժամանակակից մամոգրաֆիկ սարքի ձեռքբերումն ուղղված է առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը և հասանելիության ապահովմանը.
- Առողջապահության ոլորտի զարգացումը համարելով մեր առաջնային նպատակներից մեկը՝ մարզի բնակչության կյանքի որակի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր ենք իրականացրել, և դրանք շարունակական են լինելու: Այս նպատակին ուղղված արդեն մի քանի նախաձեռնություններ են իրականացվել և սրանցից մեկը նաև մամոգրաֆիկ ծառայության հիմնում է: Վստահեցնում եմ, որ սրանով կանգ չենք առնելու: Այս առումով ուզում եմ ընդգծել ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը մարզի առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված հետևողական ջանքերի համար: Ի դեպ, այս կարևոր իրադարձության մեկնարկը տալու համար պատահական օր չի ընտրված: Այսօր ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության օրը, ու սա համարեք նվեր մեր մայրերի և աղջիկների համար: Ձեր առողջությունը չափազանց թանկ է մեզ համար, - ասել է մարզի ղեկավարը:
Ներկաները ծանոթացել են մամոգրաֆի աշխատանքի առանձնահատկություններին և հնարավորություններին: Մասնագետները ներկայացրել են, որ վերջին սերնդի թվային մամոգրաֆը հնարավորություն է տալիս կատարել բարձր որակի հետազոտություններ և ստանալ առավել ճշգրիտ արդյունքներ:
Ներկայումս կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդը մամոգրաֆիան է, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվնադությունը վաղ փուլում՝ նպաստելով պատշաճ բուժման կազմակերպմանը: