Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բակային հանդիպումները Վանաձորում շարունակվում են
08.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների հետ այցելել է Վանաձորի Չուխաջյան թաղամասի 28, 29, 30 և Ռուսթավի 8, 10 շենքերի բակեր, հանդիպել բնակիչների հետ։
Հանդիպումների ընթացքում Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումների նպատակն է զրուցել քաղաքացիների հետ, արձանագրել նրանց կարիքները, համայնքային խնդիրների վերաբերյալ առաջարկությունները և համատեղ քննարկել համայնքի զարգացման հեռանկարները: Նա ներկայացրել է Վանաձորում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, պետական բյուջեից հատկացված միջոցներով և համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացված և ընթացիկ ծրագրերի աշխատանքները: Ընդգծել, որ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում համայնքի տնտեսական զարգացման խնդիրները և առավել արդյունավետ լուծումներ է մշակում:
Պաշտոնյաներն ընդգծել են, որ համայնքում առկա խնդիրները լուծվում են փուլառփուլ՝ հանգամանալի պլանավորման և ռեսուրսների ճիշտ բաշխման միջոցով: Նրանք նաև հորդորել են բնակիչներին բաց լինել հետադարձ կապի համար, քանի որ մարզում առկա խնդիրների բացահայտման և լուծման համար կարևոր են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։
Հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից՝ որպես առաջնային խնդիրներ, բարձրացվել են թափառող շների, բակերի բարեկարգման, մանկական խաղահրապարակների կառուցման, աղբահանության պատշաճ կազմակերպման, բարձրահարկ շենքերի վերելակների վերագործարկման անհրաժեշտության, շենքերի տանիքների նորոգման, թաղամասերի շենքերի արտաքին լուսավորության և այլ հարցեր։
Որոշ հարցերի հետ կապված՝ մարզպետի տեղակալը տեղեկացրել է, որ Վանաձորի հանայնքապետարանի հետ գործակցությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն և բնակիչներին կներկայացվեն արդյունքները: