Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորել է Վանդոս Ղարագյոզյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և պարգևատրել պատվոգրով
07.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել էր ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանին, շնորհավորել նրան ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Մանվել Միկոյանը, դրամատուրգ, երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանը:
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է հոբելյարին ծննդյան տարեդարձի առթիվ, բարձր գնահատել նրա պետական, հասարակական, քաղաքական գործունեությունը, անուրանալի վաստակը գիտության, մանկավարժության, ֆիզկուլտուրայի և այլ բնագավառների զարգացման գործում.
- Ձեր տիտղոսներն ու պարգևների շարքը կարելի է անվերջ շարունակել, մինչդեռ սրանց ետևում վաստակած ու տքնած կյանքի բեղմնավոր տարիներ են՝ լի այս գողտրիկ քաղաքի համար արժեք ստեղծելու առաքելությամբ:
Ղարագյոզյան անվանի տոհմի գեները պարզապես չէին կարող չարտահատվել ձեր մեջ. պետական և հասարակական գործչից, հմուտ ղեկավարից ու կազմակերպչից մինչև անվանի մտավորական, սպորտի նվիրյալ, մանկավարժ, հանրագիտարանային արժեք ունեցող բազմաթիվ գրքերի, ուսումնական ձեռնարկների հեղինակ, լավ հայր, պապիկ, ընկեր, գործընկեր ու այսպես շարունակ:
Երբ կրկին վերընթերցում էի ձեր կենսագրությունը, պարզապես ապշած էի՝ ինչպես կարող է մարդ-անահատականությունն իր մեջ խտացնել այսքան վաստակ, գործ, ասելիք: Ակամա այն մտայնությունն ունեցա, որ ձեր արժանավայել ապրած կյանքի յուրաքանչյուր պահն ու ակնթարթը դուք օգտագործել եք հանուն ինչ-որ բան ստեղծելու և արարելու՝ ի շահ հայրենի քաղաքի ու երկրի: Դուք ակնառու օրինակ եք սերունդների համար ու վկայություն, թե ինչպես է պետք իսկապես ապրել ու արժեք ստեղծել,-ասել է մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանը Վանդոս Ղարագյոզյանին պարգևատրել է պատվոգրով՝ մաղթելով երկար և բեղմնավոր տարիների կյանք՝ ի շահ Լոռու մարզի և Վանաձորի զարգացման:
Իրենց զեկույցներում հոբելյարի կյանքին ու գործունեությանն են անդրադարձել նաև Գագիկ Անտոնյանը և Մանվել Միկոյանը:
Գ. Անտոնյանը ներկայացրել է Վանդոս Ղարագյոզյանի հարուստ կենսագրությունը. պետական-հասարակական գործունեությունը, աշխատանքային բեղուն ուղին, մեծ ներդրումը ետերկրաշարժան Կիրովական-Վանաձորի վերականգնման գործում: Մանվել Միկոյանն իր հերթին մասնավորապես անդրադարձել է հոբելյարի ստեղծագործական գործունեությանը, նշել, որ նա 43 գրքի հեղինակ է, իսկ 44-րդ գիրքը տպագրության ընթացքում է: Տեղեկացրել է նաև, որ վերջերս Վանդոս Ղարագյոզյանը դարձել է ՀՀ գրողների միության պատվավոր անդամ:
Հոբելյարը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին հյուրընկալության, մտերմիկ և ջերմ միջավայր ստեղծելու, գնահատանքի, սրտառուչ և պարտավորեցնող խոսքերի համար և պատրաստակամություն հայտնել իրականացնելու ներկաների բարեմաղթանքները՝ երկար ապրել և շարունակել ստեղծագործել՝ ի շահ Վանաձորի և ապագա սերունդների: