Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևորվում է յուրաքանչյուր բնակչի տեսակետը համայնքի առաջընթացի գործում
04.04.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ պատասխանատու պաշտոնյաները շարունակում են հանդիպումները բնակչության հետ: Հանդիպումների նպատակն է զրուցել քաղաքացիների հետ, արձանագրել նրանց կարիքները, համայնքային խնդիրների վերաբերյալ առաջարկությունները և համատեղ քննարկել մարզի զարգացման հեռանկարները:
ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների միջև սերտ համագործակցության արդյունքում առավել արդյունավետ, նպատակային և համակարգված են լուծվում բնակչությանը հուզող խնդիրները:
Հանդիպումների շրջանակներում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ ապրիլի 3-ին այցելել են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 31, Մոսկովյան 56, 58, 60 շենքերի բակեր, հանդիպել բնակիչների հետ։
Ներկա են եղել նաև Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներ:
Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալն անդրադարձել է Վանաձորում տարբեր ոլորտներում ընթացող աշխատանքներին, պետական բյուջեից հատկացված միջոցներով և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող զարգացման ընթացիկ ծրագրերին:
Նշվել է, որ այդ ծրագրերը և համայնքային զարգացման մի շարք այլ ծրագրեր Կառավարության, մարզային և համայնքային իշխանությունների հետ ակտիվ գործակցությամբ կշարունակվեն նաև այս տարի:
Բնակիչները հարցեր են ուղղել խաղահրապարակների կառուցման, բակերի բարեկարգման, թափառող շների հետ կապված խնդիրների, տանիքների նորոգման և այլ հարցերի վերաբերյալ:
Լոռու մարզպետի տեղակալը նշել է, որ բարձրացված հարցերի կարգավորման համար լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվեն և հետևողական քայլեր կձեռնարկվեն։
Հ. Ավետիսյանն ընդգծել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը մեծապես կարևորում է յուրաքանչյուր բնակչի տեսակետը համայնքի առաջընթացի գործում:



