Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում բացվել է «Յան» ախտորոշիչ կենտրոն

02.04.2025

Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորում ներկա է եղել «Յան» ախտորոշիչ կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը: Վերջինիս մասնակցել են նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, մարզպետի աշխատակազմի, բուժհաստատությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հյուրեր:
«Յան» ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է գործարար, առողջապահական գործի կազմակերպիչ Վազգեն Գալստյանի կողմից: Այստեղ նախատեսվում է իրականացնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ 3 տեսլա ուժգնությամբ սարքի միջոցով (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա, որի սարքի հզորությունը թույլ է տալիս կատարել նաև անգիոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություններ, թերապևտի, սրտաբանի, ներզատաբանի, նյարդաբանի, ռևմատոլոգի բժշկական մասնագիտական խորհրդատվություն:
Բացման առիթով իր օրհնությունն է հղել Գուգարաց թեմի առաջնորդը:
Նորամուտի կապակցությամբ «Յան» կլինիկայի հիմնադիրներին, ողջ անձնակազմին շնորհավորել է մարզպետ Արամ Ղազարյանը.
- Նոր կենտրոնի բացումը բուժսպասարկման ոլորտում մրցակցային դաշտ կստեղծի, ինչը դրական խթան կարող է հանդիսանալ մյուս առողջապահական կենտրոնների համար՝ բնակչությանն առաջարկելու բարձրակարգ պայմաններ: Իսկ սա միայն զարգացում կբերի ոլորտին: Որպես մարզպետ պաշտոնավարման հենց սկզբից՝ իմ առջև նպատակ էի դրել նաև առավելագույն ջանքեր ներդնել մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը նպաստելու համար և այժմ մեծ ուրախություն եմ ապրում, երբ ոլորտում ներդրումային որևէ ծրագրի մեկնարկ է տրվում: Մեծագույն ցանկություն ունեմ, որ Լոռին դառնա առողջապահական տուրիզմի կենտրոն: Առաջիկայում ոլորտում նոր ձեռքբերումներ և անակնկալներ են սպասվում: Այնպես որ՝ դեռ ամեն ինչ առջևում է: Կրկին շնորհավորելով նորամուտի կապակցությամբ և հաջողություններ մաղթելով բոլոր ողջունելի նախաձեռնություններին՝ ցանկանում եմ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Լոռու մարզի առողջապահության ոլորտի զարգացման,-իր խոսքում մասնավորապես ասել է մարզի ղեկավարը:
Առողջապահության բնագավառում իրականացված կարևոր ներդրումն իր խոսքում ողջունել է նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Կենտրոնի հիմնադիր Վազգեն Գալստյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գուգարաց թեմի առաջնորդին, մարզի ղեկավարին, համայնքապետերին, բոլոր հյուրերին նորամուտի արարողությանը ներկա լինելու համար ու նաև տեղեկացրել, որ շուտով իր դռները կբացի նաև «Յան» բժշկական կենտրոնը:
Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04