Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի և Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաները քննարկել են քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցեր
20.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մարտի 19-ին նախաձեռնել էին մարզային հանդիպում՝ կոմիտեի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ղեկավարների և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու քաղաքաշինական ընթացակարգերի բարեփոխումներին և քաղաքաշինական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հրավերն ընդունելու և պատրաստակամության համար, ընդգծել նմանատիպ հանդիպումների կարևորությունը, նշել, որ օգտակար համագործակցության շնորհիվ աշխատանքում հանդիպող որոշակի խնդիրներ լուծումներ կգտնեն՝ նպաստելով մարզի քաղաքաշինական ծրագրերի արագ և արդյունավետ իրականացմանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ հանդիպումների պարբերաբար անցկացումը հնարավորություն է տալիս ներկայացնել քաղաքաշինության բնագավառում կոմիտեի մշակած քաղաքականությունը և վերհանել գործնականում հանդիպող և լուծումներ պահանջող հարցերը:
Եղիազար Վարդանյանն անդրադարձել է կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող համակարգային փոփոխություններին, որոնց արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպաստավոր պայմաններ կստեղծվեն քաղաքացիների, ներդրողների համար։
Հանդիպմանն անդրադարձ է եղել urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին և առաջիկայում սպասվող ծրագրային լուծումներին, ինչպես նաև համայնքների համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին ու դրանցով սահմանված պահանջների պահպանմանը։
Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հաջորդ քայլով թվային հարթակ կտեղափոխվեն պետական համալիր փորձաքննության և հողի նպատակային նշանակության փոփոխության գործընթացները։
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները հարցեր են բարձրացրել քաղաքաշինական նորմերի, սուբվենցիոն ծրագրերի հայտերի, կառուցապատման մակերեսների և այլ հարցերի վերաբերյալ, հանդես են եկել առաջարկություններով:
Լոռու մարզի համայնքների քաղաքաշինական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական: