Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատն իր գործունեությունը կծավալի ժամանակակից ստանդարտներին համապատասխան կառուցված և կահավորված շենքում
18.03.2025

Մարտի 17-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, ն.գ Քրիստինա Քվինը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Ստեփանավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ համայնքների ղեկավարները, իրավապահ կառույցների ղեկավարները, նախարարության, դեսպանության, փրկարար ծառայության, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ներկա են եղել Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի համար կառուցած նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Վերջինիս կառուցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ դեպանատան ոլորտային համագործակցության շնորհիվ՝ Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի, ՀՀ ՆԳ նախարարության և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով:
Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ավելի քան 35 տարի գործել է տնակային պայմաններում, սակայն այժմ իր գործունեությունը կծավալի ժամանակակից ստանդարտներին համապատասխան կառուցված և կահավորված շենքում:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքում նախարար Սարգսյանը կարևորել է փրկարարական ծառայության դերը մեր երկրում և ընդգծել վերջինիս գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերի իրականացումը, որոնցից մեկն էլ՝ աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ձեռնարկումներն են:
Նա իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը ծրագրի իրականացմանն աջակցելու և Լոռու մարզպետին, տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համագործակցության համար:
-Իրականացվող ծրագրերը կօգնեն բարձրացնելու պետության դիմակայունությունը աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից և շատ ողջունելի է, որ այս ճանապարհին մենք ունենում ենք նաև մեր գործընկերների աջակցությունը: Անցած տարի Լոռու մարզում մենք ունեցանք աղետալի իրավիճակ և սա նաև հնարավորություն էր գնահատելու օպերատիվ գործելու մեր հնարավորությունները: Այսպիսի հենակետերը, ինչպես Ստեփանավանում է, կօգնեն մեզ առավել արագ արձագանքելու արտակարգ իրավիճակներում,-ասել է նախարարը:
ԱՄՆ դեպսանատան և ՀՀ ՆԳ նախարարության համագործակցության արդյունքում իրականացված այս ծրագրի կարևորությունն իր խոսքում ընդգծել է նաև դեսպան Քրիստինա Քվինը:
-Այս ծրագիրը զգալի ներդրում է հայ-ամերիկյան ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և Հայաստանի դիմակայունության բարձրացման բնագավառում: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր համագործակցող կողմերին,-ասել է տիկին դեսպանը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի համար նախատեսված շենքի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար.
-Իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում ԱՄՆ կառավարությանը, դեսպանատանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ներքին գործերի նախարարությանը, Փրկարարական ծառայությանը՝ իրականացված մեծածավալ աշխատանքների համար:
Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի համար նախատեսված, այս շենքի կառուցումը Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ և մեր մարզում իրականացված հերթական մեծածավալ և կարևոր ծրագիրն է: Մեկն այն բազմաթիվ ողջունելի նախաձեռնություններից, որոնք իրականացվել և այժմ էլ՝ ընթացքի մեջ են գտնվում:
Փրկարարական ծառայությունը մեր երկրում ամենակարևոր ոլորտներից մեկն է և վստահ եմ, Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը, այսուհետ՝ առավել հարմարավետ պայմաններում, է՛լ ավելի կկրկնապատկի աշխատանքի արդյունավետությունը,-նշել է մարզի ղեկավարը:
Ներկաները շրջել են նորակառույց շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: