Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

14.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 14-ին մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Օրակարգային առաջին հարցով Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը ներակայացրել է 2025 թվականին Լոռու մարզում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, նոր ծրագրերի համար ներկայացվող փաթեթների լրամշակմանը և առկա այլ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Նշվել է, որ փաստացի ավարտված օբյեկտներում արձանագրված թերությունների արագ վերացման ուղղությամբ հարկավոր է առավել արդյունավետ աշխատել շինարարական կազմակերպությունների հետ, որպեսզի ֆինանսավորման խնդիր չառաջանա, կարևորվել է սուբվենցիոն ծրագրերի լրամշակված և ամբողջական փաթեթների օպերատիվ կերպով ներկայացման անհրաժեշտությունը:
Լոռու մարզպետն ընդգծել է պետական աջակցության ծրագրերի պատշաճ իրականացումը, հորդորել համայնքների ղեկավարներին ամենօրյա վերահսկողություն սահմանել կատարվող շինաշխատանքների նկատմամբ, նշել, որ այդ աշխատանքները պետք իրականացվեն նախագծերին համապատասխան, բարձրորակ, ժամկետների մեջ և առանց թերությունների:
Լոռու մարզպետը հանձնարարել է համայնքապետերին 2025 թվականին իրականացվելիք ամբողջությամբ պետական և սուբվենցիոն ծրագրերի համար դիմելիս կարևորություն տալ համայնքների առաջնային և հրատապ կարիքներին:
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ 2025 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առաջնահերթությունը պետք է տրվի ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ ջրամատակարարման համակարգերի արդիականացմանը, ճանապարհների վերանորոգմանը, հանրային տարածքների բարեկարգմանը և կրթական հաստատությունների վերազինմանը:
Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը ներկայացրել է համայնքների սեփական եկամուտների 2 ամսվա կատարողականը և բյուջեի պլանային ցուցանիշները:
Լոռու մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին լինել հետևողական, որպեսզի հարկերի հավագրումը կատարվի ըստ բյուջեում նախատեսված հարկատեսակների համամասնությունների, հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պլանային ցուցանիշներն ապահովելու համար:
Նշվել է, որ հարկավոր է հատկապես աշխատել հողի հարկի և գույքահարկի հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, քանի որ դրանք համայնքների սեփական եկամուտների հիմնական աղբյուրներն են և հնարավորություն են տալիս լուծելու համայնքային կարևորագույն խնդիրներ:
Մ. Դալլաքյանն անդրադարձել է նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացին, առանձնահատկություններին, քաղաքացիների լայն շրջանում իրազեկման աշխատանքներին, համակարգի ներդրման արդյունավետությանն ու կարևորությանը:
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ առաջիկայում համապատասխան մասնագետների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, որպեսզի բնակչությունը լիարժեք տեղեկացված լինի հայտարարագրման գործընթացի վերաբերյալ:
Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը:
Նշվել է, որ ծրագրի շրջանակում կապահովագրվեն 13 մշակաբույսեր՝ խաղող, ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, վարսակ, ցորեն, գարի՝ 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ կարկտահարություն, հրդեհ: Բացառություն է կազմում հացահատիկը, որն ապահովագրվելու է միայն երաշտի համար:
Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80 տոկոսը, նախկինում գործող 50-60 տոկոսի փոխարեն: Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս, Սիլ Ինշուրանս:
Արամ Ղազարյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում ներդրված ապահովագրական նոր համակարգը, նշել, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:
Քննարկվել են այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04