Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում անցկացվելու է հայ-ֆրանսիական քայլարշավային 3-րդ փառատոնը
13.03.2025

Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ (PACA՝ Provence-Alpes-Côte d'Azur) ռեգիոնի համագործակցության շնորհիվ այս տարի Լոռիում անց է կացվելու քայլարշավային փառատոն:
Միջոցառումը կազմակերպվելու է «Հայաստանի արահետներ․ էկոտուրիզմի և արշավային զբոսաշրջության համակարգումը Հայաստանի տեղական զարգացման շարժիչ ուժ» ծրագրի շրջանակներում:
Մարտի 13-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ծրագրի համակարգող կողմ հանդիսացող «ԱՖՐԱՏ» զբոսաշրջային ասոցիացիայի, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները քննարկել են փառատոնի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Քայլարշավային փառատոնի նպատակն է էկոտուրիզմի և արշավային զբոսաշրջության համակարգման միջոցով խթանել փոքր բնակավայրերի տնտեսական, սոցիալական զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, հյուրընկալող համայնքներում նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ բնակավայրերի համար ստեղծելով կայուն տնտեսական հնարավորություններ։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից տեղակալ Գոռ Ասրյանը գործընկերներին շնորհակալություն է հայտնել Լոռու մարզում կազմակերպվելիք հայ-ֆրանսիական քայլարշավային 3-րդ փառատոնի համար, կարևորել Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ ունեցած Լոռու մարզի երկարամյա գործակցությունը: Նա նշել է, որ փառատոնը հերթական համագործակցության արդյունավետ դրսևորումն է և վստահություն է հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի մարզի զբոսաշրջային ներուժի բացահայտմանը, փոքր բնակավայրերի տնտեսական զարգացմանը:
Եռօրյա փառատոնի ընթացքում Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից քայլարշավի մասնակիցները կհաղթահարեն բարձունքներ, Լոռու մարզում կհայտնաբերեն նոր արահետներ, կկիսեն անմոռանալի պահեր: Միջոցառման մասնակիցների համար կկազմակերպվեն աշխատարաններ, վրանային ճամբարներ, մշակութային միջոցառումներ:
Փառատոնի կայացման համար լավագույն պայմաններ ապահովելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել նախանշված տեղանքներ այցեր կատարելու, տարածքների հնարավորությունները գնահատելու և միջոցառման անցկացման ժամկետները հստակեցնելու վերաբերյալ: