Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը Գրողների համաշխարհային օրվա առթիվ շնորհավորել է լոռեցի ստեղծագործողներին
04.03.2025

Մարտի 3-ին՝ Գրողների համաշխարհային օրվա կապակցությամբ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել և շնորհավորել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի անդամներին և լոռեցի տաղանդավոր մի շարք ստեղծագործողների, արժևորել նրանց դերը հայ գրականության զարգացման գործում։
Հանդիպմանը հրավիրվել էին ոլորտում նշանակալի ավանդ և երկարամյա աշխատանքային գործունեություն ունեցող գրողները, մարզը ներկայացնող նոր սերնդի ստեղծագործողները՝ բանաստեղծներ, արձակագիրներ, գրող-թարգմանիչներ, ովքեր իրենց գրչով հարստացնում են հայ գրականությունը:
Մարզպետը շնորհավորել է գրական համայնքի ներկայացուցիչներին բարձր գնահատել նրանց ներդրումը մշակույթի զարգացման գործում:
«Գրողների համաշխարհային օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և վերելքներ: Ձեր բնատուր տաղանդով շարունակեք ստեղծագործել, թող երբեք ձեզ չլքի ստեղծագործելու ունակությունը, շնորհավորում եմ բոլորիդ», - ասել է մարզի ղեկավարը:
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը մարզի ղեկավարին է ներկայացրել միջոցառման մասնակից նորօրյա ստեղծագործողներին:
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, նրանք ներկայացրել են հատվածներ իրենց ստեղծագործություններից, ընթերցել բանաստեղծություններ, որոնք արտացոլում են ժամանակակից հայ գրականության Լոռու դիմագիծը։ Մտերմիկ զրույցի ընթացքում ստեղծագործողները կիսվել են մտքերով, անդրադարձել գրական կյանքի մարտահրավերներին:
Ներկաները շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետին ուշադրության և հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ նման նախաձեռնություններն ամրապնդում են գրող-հասարակություն կապը։
Հանդիպման ավարտին մարզպետը մաթևոսյանական 90-ամյա հոբելյանական տարվա կապակցությամբ ստեղծագործողներին է նվիրել լոռեցի մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս» ժողովածուն:
Հանդիպումն ամփոփվել է գրական-մշակութային համագործակցության նախաձեռնությունների քննարկմամբ։