Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2025թ. պետք է կրկնապատկել ջանքերը բոլոր ուղղություններով՝ Վանաձորն առավել բարեկարգ դարձնելու և շարունակական զարգացում ապահովելու համար
24.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ փետրվարի 24-ին, Վանաձորի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը նշել է, որ խորհրդակցության հրավիրման նպատակը համայնքի կողմից 2024թ. իրականացված և 2025թ. նախատեսվող աշխատանքների քննարկումն է և անդրադարձը համայնքային մի շարք խնդիրների:
Ողջունելով մարզպետ Արամ Ղազարյանի՝ նման ձևաչափով խորհրդակցություն հրավիրելու նախաձեռնությունը, Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին ցանկացած խնդրի դեպքում արագ արձագանքելու և հատկապես վերջին օրերին ձնամաքրման աշխատանքներում ծանր տեխնիկայի ներգրավման և իրականացվող աշխատանքների կանոնակարգման հարցում մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
Համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կոմունալ տնտեսության, աղբահանության, բարեկարգման, քաղաքաշինության, եկամուտների հավաքագրման և մի շարք այլ ուղղություններով իրականացված և այս տարվա համար նախատեսված աշխատանքները:
Արամ Ղազարյանը կարևորել է համայնքում առկա խնդիրներն ըստ հրատապության դասակարգելը և դրանց լուծումն՝ ըստ առաջնահերթությունների:
-Համայնքային բոլոր խնդիրները պետք է բակառբակ գույքագրված լինեն և դասակարգվեն՝ ըստ կարևորության, որից հետո համակարգված քայլեր իրականացվեն դրանց լուծման ուղղությամբ,-ասել է մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանն իր դժգոհությունն է հայտնել ձնամաքրման աշխատանքների կազմակերպման հետ կապված և ընդգծել, որ համակարգված աշխատանք չի իրականացվել և անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել խնդրի ամբողջական լուծման ուղղությամբ:
Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանը նշել է, որ համայնքը ներկա պահին չունի բավարար տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրսներ նման ծավալի տեղումների պարագայում աշխատանքների լիարժեք կազմակերպման համար, ինչին ի պատասխան մարզպետը կարևորել է ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացումը, անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրային հիմունքներով տեխնիկայի և աշխատուժի ներգրավումը:
Խնդիրը, թեև հնարավոր է եղել կարգավորել, սակայն շեշտը դրվել է հիմնականում կենտրոնական փողոցների վրա, մինչդեռ, ինչպես ընդգծել է Ա. Ղազարյանը, համայնքը միայն կենտրոնական հատվածներով չի սահմանափակվում և անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել քաղաքի մյուս թաղամասերում ևս:
Մարզպետը կարևորել է նաև յուրաքանչյուր իրավիճակում հստակ գործողությունների պլան ունենալու անհրաժեշտությունը՝ սկսած կոմունալ- կենցաղային հարցերից մինչև մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձնամաքրման աշխատանքների, աղբահանության պատշաճ կազմակերպման, ապօրինաշինությունների կանխարգելման, բակերն ու փողոցները կամայական կառույցներից ազատելու, սուրճի ապարատների, վճարման տերմինալների չկանոնակարգված գործունեության հետ կապված, թափուր աշխատատեղերի համար մրցույթների՝ անաչառության սկզբունքով կազմակերպման և մի շարք այլ հարցերի:
Արամ Ղազարյանը նշել է, որ թեև համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել և շարունակվում են իրականացվել, այդուհանդերձ դեռևս մի շարք բացթողումներ կան, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել և ամենօրյա աշխատանքներ իրականացնել:
Մարզի ղեկավարը հորդորել է հատկապես հետևողականություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների նկատմամբ և արագ արձագանքել, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
- Ձեզ՝ բոլորիդ, բացառիկ հնարավորություն է տրված ծառայելու ձեր համայնքին, և շատ կարևոր է, որ այս ժամանակահատվածը կարողանաք օգտագործել համայնքը զարգացնելու, առկա խնդիրները լուծելու նպատակով,-ասել է Արամ Ղազարյանը:
Անդրադարձ է կատարվել նաև «Լոռվա ձմեռ» ամենամյա մարզատոնահանդեսի՝ բարձր մակարդակով կազմակերպման անհրաժեշտությանը:
Ամփոփելով քննարկումը՝ մարզպետը նշել է, որ 2025թ. պետք է կրկնապատկել ջանքերը բոլոր ուղղություններով՝ Վանաձորն առավել բարեկարգ դարձնելու և շարունակական զարգացում ապահովելու համար: