Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Գիրք նվիրելու օրվա» նախօրեին մարզպետը հյուրընկալել է Լոռու մարզային գրադարանի տնօրենին և գրադարանի երկու փոքրիկ ակտիվ ընթերցողներին
19.02.2025

«Գիրք նվիրելու օրվա» նախօրեին՝ փետրվարի 18-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել էր Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանին և գրադարանի երկու փոքրիկ ակտիվ ընթերցողներ՝ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Հովակիմյանին և Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Մարկո Հովհաննիսյանին:
Օրվա խորհրդին համահունչ՝ Հեղինե Հալիվորյանը գիրք է նվիրել մարզի ղեկավարին:
Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, իր հերթին նույնպես գիրք է նվիրել գրադարանին:
Արամ Ղազարյանը փոքրիկ ընթերցողներից հետաքրքրվել է՝ ի՞նչ նախասիրություններ ունեն, ո՞ր դպրոցական առարկաներն են առավել սիրում:
Երեխաները ներկայացրել են իրենց գիտելիքները նաև Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, ում ծննդյան տարեդարձի օրն էլ հենց նշվում է «Գիրք նվիրելու օրը»: Մարզպետը փոքրիկներին հորդորել է լավ սովորել, շատ ընթերցել և ապագայում այդ գիտելիքները ծառայեցնել հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
Արամ Ղազարյանը Սոֆիին և Մարկոյին խոստացել է աջակցել նաև դասընկերների հետ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր էքսկուրսիա մեկնելու հարցում: