Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում բնակիչների հետ Տաշիր համայնքի Կաթնառատ, Բլագոդարնոյե և Միխայելովկա բնակավայրերում

06.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները, փետրվարի 5-ին այցելել են Տաշիր համայնքի Կաթնառատ, Բլագոդարնոյե և Միխայելովկա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ:
Այցի նպատակն էր զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթանալ համայնքային առաջնահերթ լուծումներ պահանջող կարևորագույն հարցերին, հետաքրքրվել բնակավայրերի կարիքներով և պատասխանել բնակիչների կողմից բարձրացված հարցերին:
Հանդիպումներին մասնակցել են նաև Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ոլորտային պատասխանատուներ։
Պաշտոնյաները հանդիպումների ընթացքում ներկայացրել են Կառավարության օժանդակությամբ և համայնք-պետություն համագործակցության արդյունքում համայնքներին ուղղված սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, իրականացված և ընթացիկ աշխատանքները, ընդգծել, որ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում համայնքների տնտեսական զարգացման խնդիրները և առավել արդյունավետ լուծումներ մշակում:
Վերջին տարիներին Տաշիր համայնքի Կաթնառատ, Բլագոդարնոյե և Միխայելովկա բնակավայրերում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել, որոշները դեռևս ընթացքի մեջ են.
• Սուբվենցիոն ծրագրերով Կաթնառատ բնակավայրում փողոցների տուֆ քարով սալարկման,
• լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվել:
• Պետության ամբողջական ֆինանսավորմամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրով մեծ թափով ընթացքի մեջ են Կաթնառատ և Միխայելովկա բնակավայրերի կրթահամալիրների կառուցման աշխատանքները:
• Համայնք-պետություն համագործակցության ծրագրով Կաթնառատ, Բլագոդարնոյե և Միխայելովկա բնակավայրերում իրականացվել և ընթացքի մեջ են խմելու ջրի մատակարարման համակարգերի կառուցման և բարելավման ծրագրերը:
• Բլագոդարնոյե բնակավայրում գազաֆիկացման աշխատանքներ են ընթանում:
• ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն հայտարարել է Մ3-Միխայլովկա մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթը:
Պաշտոնյաները հանդիպումների ընթացքում ներկայացրել են վերոհիշյալ աշխատանքների կարևորությունը, անդրադարձել մի շարք խնդիրների:
Քննարկվել են նաև առաջիկա ծրագրերը՝ կապված բնակավայրերի հետագա զարգացման հետ: Հանդիպումների մասնակիցները տեղեկացվել են նաև գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներում պետական աջակցության ծրագրերի և դրանցից օգտվելու կարգի մասին։
Կաթնառատում բնակիչների կողմից բարձրացվել են բնակավայրի տրանսպորտի ապահովման, անօրինական շինությունների հետագա ճակատագրերի, բնակարանների և հողատարածքների սեփականաշնորհման հետ կապված խնդիրներ:
Բլագոդարնոյեում որպես բնակավայրի կարևորագույն խնդիր՝ բնակիչները կրկին առանձնացրել են հանրային տրանսպորտային միջոցների և գյուղի գիշերային լուսավորության ապահովման հարցերը:
Միխայլովկայի բնակիչներն իրենց մտահոգություններին են կիսել մոտակա անասնագոմերից եկող վատ հոտի, սպանդանոցների բացակայության և մշակութային, երիտասարդական կենտրոնների գործարկման անհրաժեշտության վերաբերյալ:
Պաշտոնյաները նշել են, որ Կառավարության օժանդակությամբ բազմաթիվ հրատապ խնդիրներ՝ կապված ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, համայնքի զարգացման հետ, ըստ առաջնահերթ կարևորության, իրենց լուծումներն են գտնում:
Նրանք վստահեցրել են, որ բարձրացված հարցերը կուսումնասիրվեն, կհամակարգվեն արձանագրված խնդիրները, կդիտարկվեն դրանց լուծման հնարավորությունները:
Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել պաշտոնյաներին հանդիպման հնարավորության և իրենց բնակավայրերի խնդիրներին հետևողական լինելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39