Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արամ Ղազարյան. «Հետևողական լինել քաղաքացիների հարցերին լիարժեք ու հստակ հիմնավորումներով պատասխանելու, հնարավորության դեպքում՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու հարցում»
04.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարին զեկուցվել է քաղաքացիների հետ բակային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը:
Արամ Ղազարյանը հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիների բոլոր հարցերին լիարժեք ու հստակ հիմնավորումներով պատասխանելու, հնարավորության դեպքում՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու հարցում:
Անդրադարձ է կատարվել բազմաբնակարան շենքերի բակերում ինքնակամ կառույցների և ապօրինաշինությունների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ և պարբերաբար զեկուցել արդյունքների մասին:
Արամ Ղազարյանին են ներկայացվել մարզի համաճարակային իրավիճակը և սուր շնչառական վարակների դինամիկան հունվար ամսվա կտրվածքով. գրանցվել է սուր շնչառական վարակի 2017 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 2075 դեպք:
Մարզի ղեկավարին տեղեկացվել է, որ հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։ Ջրծաղիկի դեմ պատվաստումը պետության կողմից ներդրվել է առաջին անգամ:
Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։
Մարզպետը հանձնարարել է մարզում հակահամաճարակային իրավիճակը պահել խիստ վերահսկողության տակ և պարբերաբար ներկայացնել արդյունքները, ամենշաբաթյա կտրվածքով նաև ներկայացնել դպրոցներում աշակերտների բացակայությունների դինամիկան:
Հանձնարարվել է նաև պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ԼՂՀ բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ, յուրաքանչյուր շաբաթ հանդիպումներ անցկացնել Վանաձոր և Տաշիր համայնքների պետական և համայնքային շինություններում բնակվող ԼՂՀ տեղահանված քաղաքացիների հետ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածներում իրականացված հուների և գետաբերուկների մաքրման աշխատանքների ընթացիկ արդյունքներին:
Քննարկվել են Լոռու մարզպետի 2024թ. աշխատանքային հաշվետվության հետ կապված մի շարք հարցեր, հստակեցվել է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, ըստ ոլորտների, ամփոփ տեղեկանքների ներկայացման ձևաչափը:
Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքների ճիշտ կազմակերպման և կարգապահական բնույթի հարցերի, տրվել են այլ հանձնարարականներ ևս: