Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարգառ համայնքում ավարտվել է «Խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագիրը, այն մեծ ներդրում է համայնքի զարգացման մեջ

03.02.2025


«Գարգառ բնակավայրում խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի շրջանակներում կառուցվել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի Վ․ Բալայանի անվան միջնակարգ դպրոցի արևելյան մասնաշենքի երկրորդ հարկը` 4 դասասենյակներով, նախագծվել է բնակավայրի ամբողջ ջրամատակարարաման համակարգը և կառուցվել է 990 մ երկարությամբ խմելու ջրի նոր խողովակաշար։ Դպրոցի նոր տանիքին տեղադրվել է 5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան կարտադրի շուրջ 6500 կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Ծրագիրն իրականացվել է «Ուրբան կայուն զարգացման» և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Իզմիրլյան» և Կոկա–կոլա հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ։
Հունվարի 31-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մասնակցել է Գարգառ բնակավայրի «Խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Նորին գերազանցություն Աոկի Յուտական, մարզպետի աշխատակազմի, Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնյաներ, Ճապոնիայի դեսպանատան, «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ներկայացուցիչներ, Գարգառի միջնակարգ դպրոցի աշխատակազմը, հյուրեր:
Նոր ջրագծի այս ճյուղը մաքուր խմելու ջրով կապահովի դպրոցին, բնակավայրի վարչական կենտրոնին, մշակույթի տանը (մարզական կենտրոնին), մանկապարտեզին, բժշկական կենտրոնին և բնակավայրի 29 ընտանիքների։ Նորոգված դասասենյակները նախատեսված են տարրական դասարանների երեխաների համար։
Ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից, շնորհավորել է ներկաներին, շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը և գործընկեր կազմակերպություններին՝ ծրագրին աջակցելու համար և նշել, որ նմանօրինակ նախագծերը մեծ ներդրում են համայնքի զարգացման մեջ։
- Ճապոնիայի դեպանության աջակցությամբ բազում ծրագրեր են իրականացվել մարզի տարբեր գյուղական բնակավայրերում։ Այս ծրագիրը ևս նպաստելու է բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը, ուրբանիզացիայի մակարդակի նվազեցմանը, և ընդհանուր առմամբ ենթակառուցվածքների ապակենտրոնացմանը՝ ապահովելով բնակավայրի կայուն բարգավաճումը,- ասել է փոխմարզպետը։
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլոր անձանց և կազմակերպություններին, ովքեր ներդրում են ունեցել ծրագրի իրականացման մեջ՝ ընդգծելով, որ ծրագիրը հաջողվել է համատեղ գործակցության շնորհիվ և նշել, որ ծրագրի իրականացման արդյունքում դպրոցում ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կկազմակերպվի։
Ծրագրի գործակից կազմակերպություններն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետին և աշխատակազմին ծրագրի ողջ ընթացքում արդյունավետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04