Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ առաջիկայում Լոռու մարզում իրականացվելիք ծրագրին վերաբերող հարցեր
30.01.2025

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հունվարի 30-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ Արեգ Բադալյանին և Ռիմա Կաբրիլյանցին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Մալոյանը:
Քննարկվել են Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելիք «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի առաջնահերթություններին և կարիքներին վերաբերող հարցեր: Հ. Ավետիսյանը կարևորել է ծրագիրը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից շնորհակալություն է հայտնել Միգրացիայի միջազգային կազմակերպությանն՝ ի դեմ ծրագրի համակարգողների, Լոռու մարզում նախատեսվող աշխատանքների համար, որոնց նպատակ է բարձրացնել տնտեսական դիմակայունությունը համայնքներում և հզորացնել խոցելի խմբերին, այդ թվում՝ տեղահանումից տուժած ընտանիքներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնելու ծրագրի շահառու համայնքների ցանկը:
Հ. Ավետիսյանը վստահեցրել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը համայնքներում ու նպաստել համագործակցության խորացմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից և միտված է ապահովել կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ տեղահանվածների և խոցելի խմբերի համար՝ ընդլայնելով տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը կարճաժամկետ և կայուն լուծումներով։