Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ՀՀ ուսումնական հաստատությունների սովորողների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
21.01.2025
Հունվարի 20-ին, մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա ՀՀ ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը՝ 16 առարկաներից:
Դպրոցական փուլին Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից հայտագրվել էր թվով 9459 աշակերտ:
Օլիմպադայի մարզային փուլը Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում մեկնարկել է մաթեմատիկա առարկայից:
Աշակերտներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջունել է մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը՝ մաղթելով հաջողություն և բարձր արդյունքներ:
Ի դեպ, այս տարի կարգում կատարվել է փոփոխություն՝ օլիմպադան կազմակերպվում է 3 փուլով՝ դպրոցական, մարզային և հանրապետական: Այս տարի, որպես նորույթ, անցկացվում է նաև մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադա:
Մարզային փուլը կազմակերպելու և անցկացնելու համար Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծվել են կազմկոմիտե և առարկայական հանձնաժողովներ:
Մարզային փուլն ընդհանուր առմամբ կանցկացվի Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան թիվ 3, Ա.Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցներում և Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում:
Օլիմպիադաների մարզայի փուլը կշարունակվի փետրվարի 14-ը ներառյալ: