Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն է կատարվել Վանաձոր համայնքի Աղայան 83, 85, 87 շենքերի բակեր
20.01.2025
Հունվարի 17֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Վանաձոր համայնքի Աղայան 83, 85, 87 շենքերի բակեր, հանդիպել բնակիչների հետ, շրջել թաղամասում:
Մարզի ղեկավարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Վանաձորում Կառավարության կողմից և համայնքային միջոցներով տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, նրանց հետ քննարկել ներհամայնքային կարևորություն ունեցող խնդիրները, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:
Արամ Ղազարյանը բնակիչների հետ զրույցում նշել է, որ Լոռու մարզում Կառավարության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են բազմաթիվ մեծածավալ ծրագրեր և շարունակվելու են:
Հանդիպմանը եկած բնակիչները մարզպետին են դիմել հիմնականում շենքերի բակերում տեղադրված ապօրինի ավտոտնակների և շինությունների, բակերի ասֆալտապատման, թաղամասի լուսավորության, խաղահրապարակների կառուցման, տանիքների վերանորոգման և այլ հարցերով:
Լոռու մարզպետը նշել է, որ հետևողական կլինի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ոլորտի պատասխանատուներին լրացուցիչ ուսումնասիրությունների համար հանձնարարություններ է տվել, միաժամանակ բնակիչներին տեղեկացրել, որ Կառավարության օժանդակությամբ բազմաթիվ հրատապ խնդիրներ լուծումներ են գտնում՝ ըստ առաջնահերթությունների:
Արամ Ղազարյանը նրանց հորդորել է հարկային պարտավորությունները կատարել ժամանակին, որպեսզի Կառավարությունն ու համայնքը հնարավորություն ունենան առավել շատ ծրագրեր իրականացնել:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետին հանդիպման հնարավորության համար: