Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազգաբնակչության հետ հանդիպումներ են անցկացվել Կաթնաջուր, Շիրակամուտ և Գեղասար բնակավայրերում
20.01.2025
Հունվարի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղեկցությամբ այցելել են Կաթնաջուր, Շիրակամուտ և Գեղասար բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ և ծանոթացել նրանց անհանգստացնող խնդիրներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի, Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ և բնակավայրերի վարչական ղեկավարները։
Կաթնաջուր բնակավայրում անցկացված հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը բնակիչներին տեղեկացրել է, որ նախորդ տարիներին բնակավայրում պետական ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն միջոցներով բազում ակնառու ծրագրեր են իրականացվել։ 2025 թվականին նախատեսվում է սուբվենցիոն միջոցներով ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհի մոտ 700 մետր հատվածը։
Հանդիպման ընթացքում բնակիչների կողմից բարձրացվել են հաճախակի դարձած էլեկտրամատակարարման անջատումների և թափառող կենդանիների մասին խնդիրները։
Գոռ Ասրյանը բնակիչներին հավաստիացրել է, որ նշված բոլոր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են և դրանց հնարավոր լուծումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նա նաև ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը և դրանցից օգտվելու կարգը։
Այցը շարունակվել է Շիրակամուտ բնակավայրում։ Պաշտոնյաները տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության, մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքաշինական և ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման մի շարք ծրագրեր են իրականացվում։
Այստեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում ուրախությամբ է նշվել, որ բնակավայրում 288 աշակերտ հզորությամբ նոր դպրոց է կառուցվում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվող դպրոցի պայմանագրային արժեքը շուրջ 2 մլրդ դրամ է։ Դպրոցը կունենա չորս մասնաշենք, հանդիսությունների սրահ, մարզադահլիճ, հագեցած կլինի մասնագիտական լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով։ Շենքի կառուցման հողային աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ եղանակային պայմաններով պայմանավորված։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը, մարզային ու համայնքային պաշտոնյաներին՝ բնակավայրում բարձրացված խնդիրներին հետևողական լինելու, ինչպես նաև կառուցվող նոր դպրոցի համար։ Տեղեկացրել են նաև, որ բնակիչներն օգտվում են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից, սակայն ավելի լավ բերք ունենալու համար առաջնային է մկնանման կրծողների և միջատների դեմ պայքարը, ինչը սակայն պետք է կրի համակարգված բնույթ՝ լիարժեք արդյունք ունենալու համար: Նրանք նաև նշել են, որ գյուղն ունի զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ։
Պաշտոնյաները բնակիչների հետ հանդիպում են ունեցել նաև Գեղասար բնակավայրում, որտեղ ևս ներկայացրել են պետական աջակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերը, անդրադարձել մի շարք խնդիրների:
Որպես առաջնային խնդիր՝ բնակիչները բարձրացրել են ճանապարհների նորոգման անհրաժեշտությունը, մանկական խաղահրապարակի կառուցման և ոռոգման համակարգում առկա որոշ խնդիրները։
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի կողմից ներկայացվել է, որ բնակավայրում 2025 թվականին պետական բյուջեի միջոցներով կնորոգվի դեպի բնակավայր տանող 1400 մետր երկարությամբ ճանապարհը՝ 230 մլն նախահաշվային արժեքով։ Սուբվենցիոն միջոցներով տուֆով կսալարկվի գյուղամիջյան մոտ 500 մետր երկարությամբ ճանապարհ։
Հանդիպումների ընթացքում պաշտոնյաներն ընդգծել են, որ բնակավայրերում առկա խնդիրները լուծվում են աստիճանաբար՝ մանրակրկիտ պլանավորման և ռեսուրսների ճիշտ բաշխման միջոցով: Նրանք նաև հորդորել են բնակիչներին բաց լինել հետադարձ կապի համար, քանի որ մարզում առկա խնդիրների բացահայտման և լուծման համար շատ կարևոր են բնակիչների բարձրացրած հարցերը։