Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը հանդիպումներ է ունեցել Ձորագյուղ և Վահագնի բնակավայրերի բնակիչների հետ, նրանց հետ քննարկել առկա խնդիրների լուծման առաջնահերթությունները

15.01.2025


Հունվարի 14֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Փամբակ համայնքի Ձորագյուղ և Վահագնի բնակավայրեր, հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:
Հանդիպումներին ներկա են եղել նաև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները:
Մարզի ղեկավարի՝ նման ձևաչափով հանդիպումները բնակավայրերում նպատակ ունեն տեղում հաղորդակից դառնալու համայնքային խնիրներին, զրուցելու բնակիչների հետ, նրանց հետ քննարկելու խնդիրների լուծման առաջնահերթությունները:
Ձորագյուղ բնակավայրում անցկացված հանդիպման ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին տեղեկացրել է, որ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով Ձորագյուղում նախատեսվում է իրականացնել միջին ճնշման գազատարի մետաղական խողովակներով կառուցում՝ շուրջ 4700 գծամետր: Այժմ ընթացքի մեջ են գազատարի համար պողպատե հենարանների կառուցման աշխատանքները:
Մարզի ղեկավարը նշել է նաև, որ ներբնակավայրային 3֊րդ և 8֊րդ փողոցների տուֆով սալարկման աշխատանքների համար նոր մրցույթ կհայտարարվի, քանի որ նախկին շինարարի հետ պայմանագիրը խզվել է՝ պահանջված որակով և ժամկետներում աշխատանքը չկատարելու համար:
Ձորագյուղի բնակիչների կողմից մարզի ղեկավարին է ներկայացվել հիմնականում դեպի բնակավայր տանող ճանապարհների հիմնանորոգման և հաճախադեպ դարձած էլեկտրականության խափանումների խնդիրները:
Մարզպետը նշել է, որ հետևողական կլինի բարձրացված հարցերին, վստահեցրել, որ նշված խնդիրները ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են և առկա հնարավորությունների սահմաններում լուծումներ կստանան առաջնահերթության կարգով:
Արամ Ղազարյանը, պաշտոնյաների ուղեկցությամբ, քաղաքացիների հետ հանդիպում է ունեցել նաև Վահագնի բնակավայրում։ Նա տեղեկացրել է, որ կառավարության կողմից քաղաքաշինական և ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում Լոռու մարզի տարբեր բնակավայրերում։ Մարզի ղեկավարը այստեղ ևս ներկայացրել է պետական աջակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերը, անդրադարձել մի շարք խնդիրների:
Մարզպետը կարևորել է հատկապես քաղաքացիների հետ համագործակցությունը, վերջիններիս աջակցությունը և վստահությունը՝ հանուն մարզի զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման:
Արամ Ղազարյանը պատասխանել է նաև բնակիչների հարցերին և վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը և անձամբ ինքը ամենօրյա ռեժիմով պատրաստ են քննարկելու մարզի բնակիչներին մտահոգող հարցերը:
Բնակիչների կողմից, որպես բնակավայրի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներ, բարձրացվել են մանկապարտեզի, ոռոգման համակարգի կառուցման, տուրիզմի զարգացման և մի շարք այլ հարցեր:
Արամ Ղազարյանը նշել է, որ պետական միջոցները անսահմանափակ չեն և համայնքներում առկա խնդիրներին լուծումներ են տրվում՝ ելնելով դրանց հրատապությունից:
Մարզի ղեկավարը նշել է, որ նման հանդիպումները տարբեր համայնքներում շարունակական բնույթ կկրեն, քանի որ համայնքային այցելությունները հնարավորություն են տալիս բնակավայրերի խնդիրների մասին առավել հստակ կարծիք կազմելու, համայնքային խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58