Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները
13.01.2025
Հունվարի 12-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:
Զինակոչիկներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:
-Թող անառիկ լինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, խաղաղ երկինք մեր երկրին: Երկու տարի անց սպասում ենք ձեզ առողջ ու անփորձանք,-ասաց նա՝ կոչ անելով թև ու թիկունք լինել միմյանց:
Նորակոչիկներին իրենց օրհնությունը հղեցին հոգևոր հայրերը:
Բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաև համայնքների ղեկավարների անունից: