Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտային խնդիրի վերաբերյալ՝ ընդգծելով դրանց հետևողական լուծման անհրաժեշտությունը
07.01.2025
Հունվարի 7-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Ամփոփելով 2024թ. իրականացված աշխատանքները՝ մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ, ըստ տարբեր ոլորտների, դրական է գնահատել կատարվածը: Այսուհանդերձ, ընդգծել է, որ անցած տարում մի շարք խնդիրներ դեռևս մնացել են չլուծված և արդեն այս տարի անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը բոլոր ուղղություններով առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու և առկա խնդիրներին հիմնավոր լուծումներ տալու նպատակով:
Արամ Ղազարյանը հանձնարարել է.
• Հետևողական աշխատանքներ իրականացնել համայնքների կողմից 2025թ. սուբվենցիոն ծրագրերի փաթեթների ներկայացման ուղղությամբ՝ հաշվի առնելով համայնքների առաջնահերթությունները:
• Ուսումնասիրել բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները, վեր հանել պատճառները և ներկայացնել լուծման ուղիներ:
• Ներկայացնել ջրհեղեղի հետևանքով աղետի գոտում իրականացված աշխատանքները, հետագա աշխատանքների պլան-ժամանակացույցը:
• Ուշադրության կենտրոնում պահել սոցիալական խնդիրներ ունեցող անձանց հարցերը, առաջարկություններ ներկայացնել դրանց հիմնավոր լուծման ուղղությամբ:
• Հետևողական աշխատանքներ իրականացնել մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների անցկացման անաչառության ապահովման, պատշաճ անցկացման ուղղությամբ:
• Խիստ ուշադրության տակ պահել դպրոցներում տարվող կրթադաստիարակչական գործընթացը, հանդես գալ առաջարկություններով, նախաձեռնություններով՝ համատեղ միջոցառումներ իրականացնելու համար:
• Աշխատանքներ իրականացնել մարզի բժշկական կենտրոններում և համաբուժարաններում բուժծառայությունների և բնակիչների սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ:
• Աշխատանքներ իրականացնել զարգացման ծրագրերի մշակման, մարզի զբոսաշրջային պոտենցիալի բարձրացման, ներդրումային ծրագրերի ներգրավման նպատակով:
• Շարունակել հանդիպումները ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների հետ, աջակցել նրանց կողմից բարձրացված խնդիրների լուծմանը:
• Խիստ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահական հարցերին:
Մարզի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև ոլորտային մի շարք խնդիրների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց հետևողական և ամբողջական լուծման անհրաժեշտությունը: