Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորի նախաշեմին Լոռու մարզպետը հյուրընկալել է մարզի 24 խնամատար ընտանիքների 36 երեխաներին և նրանց ծնողներին
03.01.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 30-ին հյուրընկալել է մարզի խնամատար ընտանիքներին և նրանց հոգեզավակներին, շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պատասխանատու պաշտոնյաները:
Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը կարևորել է խնամատար ընտանիքների դերը դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքում, շնորհակալություն հայտնել ծնողներին անձնվիրության համար:
«Սիրելի՛ երեխաներ, ձեր ժպիտները մեզ ոգևորում են ամեն օր ավելի լավ աշխատել, ավելի լավ ապագա կառուցել: Հարգելի ծնողներ, դուք ստեղծում եք այն ընտանեկան միջավայրը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է զարգանալ, երազել և իրագործել իր երազանքները: Շնորհակալ եմ ձեզ: Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երեխաների լիարժեք զարգացման համար», - ասել է Արամ Ղազարյանը:
Մարզի ղեկավարը զրուցել է խնամատար ընտանիքների հետ, պատասխանել նրանց մտահոգող հարցերին, մաղթել խաղաղություն, առողջություն և բարօրություն:
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետները ներկայացրել են պետության կողմից խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված 2025 թվականի ծրագրերը:
Նշենք, որ Լոռու մարզը խնամատար ընտանիքների թվով առաջինն է հանրապետությունում՝ 24 խնամատար ընտանիք՝ 36 հոգեզավակներով:
Հանդիպման ավարտին բոլոր երեխաները մարզի ղեկավարից ամանորյա նվերներ են ստացել:
Միջոցառման մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառավարությանը ծրագրի բարեհաջող ներդրման և արդյունավետ իրականացման համար: