Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածներում հուների մաքրման աշխատանքներ են տարվում
24.12.2024
Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է հեղեղումների հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու և հետագա հեղեղումների վտանգը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառավարման նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ ոլորտային կազմակերպության գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ալավերդի, Թումանյան և Փամբակ համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։
Քննարկվել է մարզի տարածքով հոսող Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածների հուների մաքրման, էկոհամակարգի վերականգնման կազմակերպման աշխատանքների ընթացքը։
Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Գոռ Ասրյանը ներկաներին տեղեկացրել է, որ հանձնաժողովի կողմից իրականացվել է գետերի հուների ուսումնասիրություն, գնահատվել են հնարավոր խնդիրները և ռիսկերը։ Վերոհիշյալ գետերի խնդրահարույց հատվածներում այժմ աշխատանքներ են տարվում հուների և գետաբերուկների մաքրման ուղղությամբ։
Մարզի ղեկավարը հանձնարարել է առավել ուշադիր լինել աշխատանքների արագ, արդյունավետ և անվտանգ իրականացման ուղղությամբ, սահմանել ամենօրյա վերահսկողություն։