Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
17.12.2024

Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Մարզի ղեկավարին է ներկայացվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը դեկտեմբերի 16-ի դրությամբ. մարզի կատարողականը պլանի դիմաց կազմում է 98.8 տոկոս: Ա.Ղազարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել ցուցանիշը 100 և ավելի տոկոսի հասցնելու համար:
Քննարկվել են նաև կապիտալ ներդրումներով և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, վերջիններիս ֆինանսավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարել է վերահսկողություն սահմանել հատկապես այն ծրագրերի ընթացքի նկատմամբ, որոնց շինաշխատանքների ժամկետը սահմանված է մինչև տարեվերջ:
Անդրադարձ է կատարվել նաև կրթության, առողջապահության, գյուղատնտեսության բնագավառներում իրականացվող, ինչպես նաև ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին:
Ա. Ղազարյանին տեղեկացվել է, որ շարունակվում են մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և համայնքապետարանների ներկայացուցիչների հանդիպումները ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ, պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ա. Ղազարյանը հանձնարարել է նաև՝
Ամանորյա տոներին ընդառաջ՝ համայնքների պատասխանատուների հետ համատեղ շրջայցեր իրականացնել փողոցային ապօրինի առևտուրը վերահսկելու նպատակով, լուրջ ուշադրություն դարձնել նաև պայթուցիկ նյութերի վաճառքին:
Շարունակել հետևողական աշխատանքները և վերահսկողությունը միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկման նկատմամբ՝ պարբերաբար գույքագրելով և տեղեկատվություն ներկայացնելով ճանապարհաշինական կազմակերպություններում առկա տեխնիկական միջոցների և կուտակված աղավազային խառնուդի ծավալների վերաբերյալ:
Քննարկվել են նաև մի շարք հարցեր մարզպետի աշխատակազմի ընթացիկ գործունեության հետ կապված, տրվել են նոր հանձնարարականներ: