Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատություններում տեղադրվել են արևային վահանակներ
11.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը դեկտեմբերի 11-ին «Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանում ներկա են եղել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատությունների, լիտվական «Սոլետ» ՍՊԸ-ի և հայկական «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացված էներգաարդյունավետության ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ՝ Լիտվայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում արևային վահանակներ են տեղադրվել Թեղուտի միջնակարգ, Սարալանջի, Սպիտակի թիվ 5, Վանաձորի թիվ 2, Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցներում,Վանաձորի թիվ 3, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկաներում, Ջրաշենի ամբուլատորիայում, «Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանում, Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կրթական, առողջապահական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկեր կառույցներ, հյուրեր:
Ողջույնի և երախտագիտության խոսք է հղել «Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակցող կառույցներին և նշել, որ արևային պանելների տեղադրման արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն թանգարանի զարգացմանը:
Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատանը: Մարզպետը կարևորել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դերակատարությունը ծրագրի իրականացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս նոր համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ կլինեն:
Գործակցության կարևորությունն ընդգծել է նաև դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու նաև առաջիկայում:
Արմեն Մանուկյանը ներկաներին ողջունել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և իր անունից՝ ընդգծելով ծրագրի՝ էներգաարդյունավետ ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մեծ դերակատարությունը:
Բացման ժապավենը կտրելու պատիվը տրվել է մարզի ղեկավարին և դեսպանին: