Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեբեդի վարչական տարածքում կառուցվում է Լեռնային բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր. «Նուրի» ռիզորթ

09.12.2024

Lոռու մարզպետ Արամ Ղազարյանն դեկտեմբերի 8֊ին ներկա է եղել Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը։

«Նուրի» ռիզորթ հանգստավայրի համահիմնադիրներն են «ONE WAY TOUR» ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը և GG տրանսպորտային ծառայությունների մատուցման հարթակի համահիմնադիր Արտաշես Թովմասյանը։

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Մանթաշյանց» գործարարների միության անդամներ, գործարարներ, հյուրեր։

Մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնության համար և նշել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերելու մարզի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։ Մարզի ղեկավարն իր խոսքում նաև նշել է, որ նման ծրագրերի իրականացումը մեծ խթան է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար։

Մաթևոս Բարսեղյանն իր ելույթում ասել է, որ երկար փնտրտուքներից հետո վերջնականապես որոշել են «Նուրի» ռիզորթը կառուցել հենց Լոռու մարզում, որն անկրկնելի է իր բնությամբ։ Նա նաև նշել է, որ նախատեսում են հյուրերին մատուցել բարձրորակ ծառայություններ, իսկ համայնքին՝ աճի և զարգացման հնարավորություններ տալ, քանի որ նախագիծն ունի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ ևս։

Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքի՝ փոքր բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար, նպաստել գյուղում արտադրվող գյուղատնտեսական մթերքների սպառմանը, որը, որպես էկոլոգիապես մաքուր սնունդ, կօգտագործվի հյուրանոցի ռեստորանում։

Նշվել է, որ ընկերության հիմնական տեսլականը էկոլոգիապես մաքուր լեռնային հանգստավայր դառնալն է, որը հյուրերին կառաջարկի լիարժեք հանգիստ։ Ճարտարապետական դիզայնը նախագծված է այնպես, որ բնության գրկում գտնվող հյուրանոցի ապակե պատուհաններից և պատշգամբներից հյուրերը վայելեն համայնապատկերային տեսարանները:

Նախատեսված է ունենալ 40 հյուրանոցային համար, ռեստորան, կոնֆերանսների դահլիճ, այլ ծառայություններ ևս։

Արտաշես Թովմասյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու, իրենց ներուժին հավատալու համար։

Համալիրի կառուցման մեկնարկի առթիվ հիմնադիրներին շնորհավորել և ողջունել են ներկա գործարարները ևս։

Թումանյան համայնքի հոգևոր հովիվ տեր Թովմաս քահանա Գրիգորիս Դերմենջյանի օրհնության խոսքից հետո իրականացվել է հիմնարկեքի արարողությունը։

Մարզի ղեկավարի, հիմնադիրների և մյուս գործարարների ստորագրություններով պարկուճը տեղադրվել է համալիրի հիմքում։

Շինարարության ավարտը նախատեսվում է 2026 թվականին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58