Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Թումանյան համայնքում հողերի դեգրադացման կանխման հետ կապված հարցեր
06.12.2024
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյան դեկտեմբերի 6-ին ընդունել է Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ֆինանսական տնօրեն Արա Հովհաննիսյանին, հիմնադրամի ծրագրի խորհրդատուներ Արթուր Գոմկցյանին և Ռուբեն Սարուխանյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Թումանյան համայնքում հողերի դեգրադացման կանխման հետ կապված հարցեր:
Հիմնադրամի ներկայացուցիչնեըը ներկայացրել են իրենց կողմից իրականցվող «Լավագույն փորձի ընդլայնման համար ռեսուրսների մոբիլիզացման 3 պլանների մշակման, Լոռու մարզի շահագրգիռ կողմերին հողերի համապարփակ կառավարման և արոտավայրերի կառավարման պլանների ներկայացման ծառայություններ» ծրագիրը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի մաս:
Ներկայացվել են մարզում և մասնավորապես՝ Թումանյան համայնքում նախատեսվող աշխատանքները և քննարկվել համագործակցության հնարավորությունները։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է իրականացնել.
ü Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ և Չկալով բնակավայրերի հողերի համապարփակ կառավարման պլանների ներկայացում մարզպետի աշխատակազմին, համայնքապետարանի և վարչական միավորների աշխատակազմերին և շահագրգիռ այլ կողմերին:
ü Նշված բնակավայրերի «Արոտավայրերի կառավարում և անասնապահության զարգացում» պլանների իրականացման վերաբերյալ դասընթացների անցկացում բնակավայրերի ֆերմերների և շահագրգիռ այլ կողմերի համար:
ü Մարզային մակարդակում հողերի դեգրադացման չեզոքացմանը հասնելու և հողերի կայուն կառավարման ընդլայնման համար ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ռեսուրսների մոբիլիզացման պլանների ներկայացում և քննարկում մարզի, համայնքների, բնակավայրերի աշխատակազմերի և այլ շահագրգիռ կառույցների հետ։