Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը Վանաձոր համայնքի ավագանու անդամների հետ մասնակցել է «ՏԻՄխաղա» առցանց խաղը՝ որպես Վանաձոր համայնքի բնակիչների իրազեկվածության բարձրացման գործիք ծրագրին
03.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 2-ին Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մասնակցել է ՏԻՄ ոլորտին վերաբերող կրթական սեմինարին, որի նպատակն էր երիտասարդների շրջանում տեղական ինքնակառավարման մարմիների գործունեության վերաբերյալ կարողությունների և հմտությունների զարգացումը հարցուպատասխանի և խաղի միջոցով:
Միջոցառումը կազմակերպել էր «ՏԻՄխաղա» առցանց խաղը՝ որպես Վանաձոր համայնքի բնակիչների իրազեկվածության բարձրացման գործիք ծրագրի համակարգող, Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Նոնա Հովհաննիսյանը, հրավիրված էին նաև նույն կուսակցության ավագանու անդամներ Լուսինե Թադևոսյանը և Հերմինե Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցում էին համայնքի ակտիվ երիտասարդներ, ուսանողներ:
Լոռու մարզպետը ողջունել է ներկաներին, ընդգծել ՏԻՄ գործառույթների, ավագանու ինստիտուտի, մասնակցային կառավարման կարևորությունը և յուրաքանչյուր քաղաքացու դերակատարությունը պետականության կայացման գործընթացում:
Երիտասարդները հարցեր են ուղղել մարզպետին ՏԻՄ մարմինների հետ աշխատանքի առանձնահատկությունների, համայնքային զարգացման, կրթական և մշակութային կյանքի ակտիվացման և այլ հարցերի վերաբերյալ:
Ա. Ղազարյանը նշել է, որ կառավարության աջակցությամբ տարբեր ոլորտներում մեծածավալ աշխատանքներ են ընթանում: Նա հորդորել է երիտասարդներին լավ սովորել, համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ հանդես գալ առաջարկներով:
Ներկաներին ՏԻՄ օրենքի կարգավորումներն է ներկայացրել Նոնա Հովհաննիսյանը՝ մանրամասն անդրադառնալով ՏԻՄ լիազորություններին, բնակիչների մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը և համայնքային ծառայության կարևորությանը: Ավագանու անդամները խոսել են ՏԻՄ-քաղաքացի կապի կարևորության մասին, նրանք ևս պատասխանել են երիտասարդների հարցերին:
Միջոցառման ընթացքում ներկաները ծանոթացել են «ՏԻՄխաղա» առցանց խաղին, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է զարգացնել իր գիտելիքները ՏԻՄ ոլորտի վերաբերյալ:
Միջոցառումը կազմակերպվել էր «ՏԻՄխաղա» առցանց խաղը՝ որպես Վանաձոր համայնքների բնակիչների իրազեկվածության բարձրացման գործիք, ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետը նաև շրջել Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, ծանոթացել բուհի հնարավորություններին և առաջիկա ծրագրերին: