Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Պետք է իսպառ բացառել մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը, հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի ցուցաբերումը». Ա. Ղազարյան
22.11.2024
ՀՀ կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների հետ կապված՝ նոյեմբերի 22-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը:
Մարզի ղեկավարն անդրադարձել է հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել պարբերաբար շրջայցեր իրականացնել, բացահայտել և բացառել նման երևույթները: Անհրաժեշտության դեպքում համագործակցել նաև ոստիկանության և այլ պատասխանատու կառույցների հետ:
-Պետք է իսպառ բացառել հիմնանորոգված ճանապարհների և բակերի քանդման, ճանապարհների երկայնքով և բակերում մեքենաների թափքերի տեղադրման, խանութների և վաճառքի կետերի դիմացի հատվածներում ապօրինի կերպով ապրանքների տեղադրման, շինարարական աղբի կուտակման, առհասարակ՝ մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը, հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի ցուցաբերումը,- ասել է Արամ Ղազարյանը:
Մարզպետը նաև նշել է, որ պարբերաբար շրջայցեր է իրականացնում համայնքներում և բանավոր, գրավոր կերպով համայնքների ղեկավարներին զգուշացրել է նմանատիպ դեպքերի մասին: Ու թեև աշխատանքներ կատարվում են, բայց դրանք բավարար չեն:
Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև խիստ հետևողականություն ցուցաբերել համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների ոչ միայն որակական ցուցանիշների ապահովման, այլև՝ ժամկետների պահպանման ուղղությամբ: Շինաշխատանքների ավարտին զուգահեռ՝ հետևողական լինել նաև օբյեկտները գազամատակարարմամբ, ջրամատակարարմամբ և էլեկտրամատակարարմամբ ապահովելու գործընթացները արագ կարգավորելու ուղղությամբ՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ: Խնդիրների առկայության դեպքում անմիջապես իրազեկել:
Մարզի ղեկավարը խորհրդակցության շրջանակներում անդրադարձ է կատարել նաև հարկերի հավաքագրման գործընթացին, հորդորել մինչև հաշվետու տարվա ավարտ ապահովել բարձր ցուցանիշներ:
Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ: