Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գուգարք բնակավայրում պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են փողոցներ
22.11.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի աշխատանքային շրջայցի վերջին կանգառը Գուգարք բնակավայրում էր, որտեղ ևս պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են փողոցներ։
Գուգարքի՝ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման 1-ին փուլի աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 72 մլն դրամ, որից շուրջ 50 մլն-ը պետբյուջեի ներդրումն է:
Մանկապարտեզի 2-րդ փուլի համար՝ շուրջ 164 մլն ծրագրային արժեքով (115 մլն-ը՝ պետական մասնաբաժինն է) մրցույթ է հայտարարվել:
Արամ Ղազարյանը կարևորել է շենքի շահագործումը սահմանված ժամկետներում, որպեսզի բնակավայրի երեխաները հնարավորինս շուտ կարողանան հաճախել նորակառույց և ժամանակակից պահանջներին համապատասխան մանկապարտեզ:
Գուգարք բնակավայրում մարզի ղեկավարը և ուղեկցող պաշտոնյաները հետևել են նաև թվով 3 փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ընդհանուր առմամբ հիմնանորոգում է շուրջ 2.7 կմ ճանապարհ՝ 215 մլն պայմանագրային արժեքով, որից շուրջ 97 մլն ֊ը պետական մասնաբաժինն է:
Մարզի ղեկավարի կողմից թերություններ են արձանագրվել մի հատվածում՝ մայթերի նախագծման հետ կապված: Հանձնարարական է տրվել կարգավորել խնդիրը։
Մարզպետը զրուցել է նաև բնակիչների հետ։ Նրանք շնորհակալություն են հայտնել Գուգարք բնակավայրում իրականացվող ծրագրերի համար, նաև մարզպետին են դիմել տարաբնույթ հարցերով՝ գիշերային լուսավորության, երկրորդային ճանապարհների նորոգման և այլն։
Մարզի ղեկավարն ի պատասխան նշել է, որ մարզում, այդ թվում և՝ Վանաձորում, Գուգարք բնակավայրում աննախադեպ ծավալների աշխատանքներ են ընթանում, և բոլոր խնդիրները փուլառփուլ լուծում կստանան: