Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշե՛ք, որ գիտելիքի շնորհիվ հնարավոր է կյանքում մեծ ձեռքբերումներ ունենալ, նպաստել կայացած և ուժեղ պետության կառուցմանը. Լոռու մարզպետ

20.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 19-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում հանդիպել է մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ուսանողների հետ:
Միջոցառումը կազմակերպվել է Լոռու մարզպետի նախաձեռնությամբ՝ Ուսանողների միջազգային օրվա շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարն առանձնահատուկ կարևորել է ուսանողների հետ հանդիպումը, շնորհավորել նրանց նշանակալի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ ուսումնառություն:
- Սիրելի՛ ուսանողներ, դուք ձեր կյանքի ամենահիշարժան օրերն եք ապրում: Այս տարիները գիտելիքների ձեռքբերման, առավել հասուն կյանքի ուղի նախանշելու լավագույն ժամանակաշրջանն են: Հիշե՛ք, որ գիտելիքի շնորհիվ հնարավոր է կյանքում մեծ ձեռքբերումներ ունենալ, նպաստել կայացած և ուժեղ պետության կառուցմանը, - ասել է Արամ Ղազարյանը:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Լոռու մարզպետը ներկայացրել է նաև մարզի զարգացման տեսլականը, կարևորել այդ գործընթացում երիտասարդների մասնակցությունը:
Լոռու մարզպետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն:
Անդրադարձ է կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Մարզի ղեկավարը նշել է, որ այն ժամանակակից կրթական կարևոր համակարգ կլինի, որն իր ենթակառուցվածքներով, ուսումնական, լաբորատոր և հետազոտական, սպորտային ժամանցային կենտրոններով և նորարարական մոտեցումներով կրթական լավագույն միջավայրը կլինի յուրաքանչյուր ուսանողի համար՝ ապահովելով մրցունակ կրթություն:
Լոռու մարզպետը խոսել է նաև ոլորտը կարգավորող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որի առանցքում մարզաբնակ երիտասարդներն են, նրանց ներուժի բացահայտմանն ուղղված քայլերը:
Արամ Ղազարյանը պատասխանել է նաև ուսանողներին մտահոգող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Լոռու մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանը, երիտասարդների զբաղվածությանը, կրթական ծրագրերի բարեփոխմանը և այլ հարցերի:
Լոռու մարզպետը նշել է, որ կառավարության աջակցությամբ մարզի զարգացման նպատակով մի շարք ծրագրեր են մշակվում և այդ նպատակով արդեն իսկ գործնական քայլեր են կատարվում:
Ամփոփելով հանդիպումը՝ Արամ Ղազարյանն ուսանողներին հորդորել է ներգրավված լինել հանրային կյանքի տարբեր գործընթացներում և պետության կողմից իրականացվող բոլոր երիտասարդական նախաձեռնություններում, լինել առավել ակտիվ մարզային խնդիրների և դրանց լուծմանը միտված առաջարկությունների բարձրաձայնման ուղղությամբ, կրթվել ու գործել ի նպաստ հարազատ մարզի և պետության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13