Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր

14.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 13-ին Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ, Սպիտակ, Փամբակ, Ֆիոլետովո համանքների ղեկավարների և այդ համայնքներում անտառապատման ծրագրեր իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Էդգար Հախվերդյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Ներկայացվել է, որ «Էյ Թի Փի» հիմնադրամը 2005-2023 թվականներին Լոռու մարզում իրականացրել է 1100 հա անտառատնկման աշխատանքներ: Տնկվել է 370 հազար տնկի: 2024 թվականին հիմնադրամը մարզում իրականացրել և շարունակում է իրականացնել անտառատնկման, 80 հա անտառամշակույթների լրացման, խնամքի, 15 կմ ցանկապատման աշխատաքներ և այլն:

Մարզի ղեկավարն անդրադարձել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից Լոռու մարզի մի շարք բնակավայրերում իրականացված անտառապատման, կանաչապատման և բնապահպանական ծրագրերին, շնորհակալություն հայտնել կատարված ծավալուն աշխատանքների համար, պատրաստակամություն հայտնել առավել սերտ համագործակցելու և օգտակար լինելու մարզում կանաչ տարածքների ավելացման գործում:

Արամ Ղազարյանը համայնքների ղեկավարներին հորդորել է լիազորությունների սահմաններում աջակցել կազմակերպությանը՝ մարզում շրջակա միջավայրի պահպանության և անտառային գոտիների ավելացման համար առավել շատ ծրագրեր իրականացնելու հարցում:

Վարչապետի գլխավոր խորհրդականը խիստ կարևորել է անտառապատ և անտառածածկ տարածքների ավելացման նպատակով մարզում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կատարվող անտառապատման աշխատանքների շնորհիվ՝ պետության համար ջրային պաշարների, մաքուր օդի, անտառածածկ տարածքների մեծ ռեսուրսներ են ապահովվում:

Համբարձում Մաթևոսյանը ևս կոչ է արել համայնքապետերին հետևողական լինել արդեն իսկ արված աշխատանքներին:

Համայնքների ղեկավարները և կազմակերպության ներկայացուցիչները համագործակցությանն առնչվող հարցեր են բարձրացրել, հանդես եկել աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված առաջարկներով :

Անտառապատման նպատակով համայնքների կողմից առանձնացվել են նաև համայնքապատկան մի շարք հողատարածքներ, որոնք կդիտարկվեն կազմակերպության մասնագետների կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13