Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռի առողջապահական ֆեստիվալ»` Վանաձորի բժշկական կենտրոնում

11.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հովանու ներքո «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը, «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ նոյեմբերի 9-ին Վանաձորի բժշկական կենտրոնում կազմակերպել էին կոնֆերանս՝ «Լոռի առողջապահական ֆեստիվալ» խորագրով:
Կոնֆերանսին մասնակցում էր մարզպետ Արամ Ղազարյանը:
Ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մայրաքաղաքի առաջավոր կլինիկաների և Լոռու մարզի բուժհաստատությունների բուժաշխատողներ:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով կոնֆերանսին ներկա լինելու համար՝ «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը նշեց, որ նպատակ կա կոնֆերանսը Լոռու մարզում դարձնելու ամենամյա և առավել ընդլայնելու վերջինիս կառուցվածքն ու մասնակցության աշխարհագրությունը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետին, ում հովանու ներքո և մեծ աջակցությամբ է իրականացվում կոնֆերանսը, Վանաձորի բժշկական կենտրոնին՝ կազմակերպչական մեծ աշխատանք իրականացնելու համար:
Համագործակցության և կոնֆերանսը Վանաձորի բժշկական կենտրոնում անցկացնելու համար իր շնորհակալությունը հղեց տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, նույնպես հույս հայտնելով, որ նմանատիպ կարևոր միջոցառումներ առավել հաճախ կկազմակերպվեն:
Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Արամ Ղազարյանը:
-Առողջապահության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, որպես մարզպետ պաշտոնավարման առաջին իսկ օրից ինձ համար առաջնային նպատակ եմ սահմանել մարզի առողջապահության ոլորտի շարունակական զարգացումը, իսկ դրա համար կարևոր են՝ ինչպես բուժհաստատությունները գերժամանակակից տեխնիկայով, մասնագետ կադրերով համալրումը, այնպես էլ՝ բուժաշխատողների շարունակական վերապատրաստումները։ Այս նպատակին հասնելու համար, ինչը, վստահ եմ, չափազանց կարևոր է դահլիճում ներկաների համար, անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը։ Արդեն իսկ որոշակի քայլեր ենք իրականացրել մեր բաղձալի նպատակին հասնելու համար, սակայն անելիքները դեռ շատ են, և այդ հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը,-ասաց մարզի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ օրը համագործակցության հուշագիր է կնքվել «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի և Վանաձորի բժշկական կենտրոնի միջև Վանաձորի բժշկական կենտրոնում երեք տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ տեղադրելու, մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն մեթոդներ և նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգ ներդնելու վերաբերյալ։ Նախատեսվում են նաև կազմակերպել վերապատրաստումներ, սեմինարներ, կոնֆերանսներ՝ մարզի բուժաշխատողների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը արդյունավետ և ուսանելի քննարկում մաղթեց կոնֆերանսին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու հետագայում ևս վերջինիս կազմակերպմանը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանը, «Պրոտոն Դիագնոստիքս» կենտրոնին կոնֆերանսի կազմակերպման և Վանաձորի բժշկական կենտրոնին՝ այն հյուրընկալելու համար։
-Համոզված եմ, համագործացկությունը կշարունակվի՝ առավել հաճախ նման կարևոր առողջապահական միջոցառումներ կազմակերպելու նպատակով,-ասաց նա։
«ՄՌՏ ախտորոշման դերը և կարևորությունը» թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Նարեկ Մատինյանը, ով ևս անդրադարձավ Վանաձորի բժշկական կենտրոնի հետ համաձայնագրի շրջանակներում Վանաձորի և մարզի համար չափազանց կարևոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի ծառայությունների ներդրմանը:
-Վստահ եմ, այս ծառայության ներդրմամբ ոչ միայն կդադարի բուժառուների արտագաղթը դեպի մայրաքաղաք և այլ կլինիկաներ, այլև կգրանցվի բուժառուների ներգաղթ դեպի Վանաձոր: Իսկ ճշգրիտ հետազոտություն անցնելով այստեղ՝ բուժառուները անպայման ցանկություն կհայտնեն իրենց հետագա բուժումը ևս ստանալու մարզում,- ասաց Նարեկ Մատինյանը՝ ակնկալելով ակտիվ փոխգործակցություն բժիշկների հետ՝ ի շահ մարզի բուժառուների և առողջապահական ոլորտի զարգացման:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսների կողմից անդրադարձ կատարվեց այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են օնկոզգուշավորությունը, քրոնիկ ցավերը, ուռուցքային հիվանդությունները, վնասակար սովորությունները և առողջ ապրելակերպը, իմունթերապիայի դերը, գինեկոլոգական խնդիրները դեռահասների շրջանում, կանանց առողջությունը էնդոկրին տեսնակյունից և այլն:
Բանախոսություններով հանդես եկան «Աստղիկ» ԲԿ-ի ուռուցքաբանական գինեկոլգիայի ծառայության ղեկավար, օնկոգինեկոլոգ Ժիրայր Մալաքյանը, «Էրեբունի» ԲԿ անեսթեզիոլոգ Նաիրի Աղասարյանը, «Սլավմեդ» ԲԿ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը, «Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնի բժիշկ-ախտաբան Արմեն Մխիթարյանը, Գենետիկայի կենտրոնի թերապևտ Երվանդ Մանուկյանը, «Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգ Վահան Բաբայանը, Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը, «Բեգլարյան» ԲԿ գինեկոլոգ Լիանա Քոչարյանը, «ԱԲ մեդ» ԲԿ էնդոկրինոլոգ Անուշ Հարությունյանը:
Ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, տրվեցին մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:
Մարզի ղեկավարի հետ համաձայնություն ձեռքբերվեց կոնֆերանսն արդեն հաջորդ տարի կազմակերպելու առավել ընդգրկուն և մասշտաբային:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:57:57