Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ), մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն մեթոդներ և նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգ՝ Վանաձորի ԲԿ-ում

08.11.2024

Նոյեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում համագործակցության մասին հուշագիր է կնքվել «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Նարեկ Մատինյանի և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև՝ ի դեմս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի:
Հուշագրի կնքման արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի բաժանմունքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի տնօրեն Նարեկ Մատինյանին Վանաձորի բժշկական կենտրոնի հետ համագործակցության պատրաստակամության համար:
-Որպես մարզպետ՝ իմ պաշտոնավարման ընթացքում նպատակ եմ դրել նպաստելու Լոռու մարզում մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, ժամանակակից բուժսարքավորումներով համալրմանը, բուժանձնակազմի շարունակական վերապատրաստումներին և կարողությունների զարգացմանը: Այս նպատակով Վանաձորի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել համագործակցելու «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի հետ՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ներդնելու մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն մեթոդներ և նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգ: Որոշման կայացման համար հիմք են ծառայել «Պրոտոն Դիագնոստիքս» կենտրոնի փորձառությունը, մասնագիտական բարձր կարողությունները: Այսօր, հուշագրի կնքմամբ, մեր նախաձեռնությունն իրականություն է դառնում,-ասել է մարզպետ Ա. Ղազարյանն՝ ընդգծելով, որ համագործակցությունն իրականացվում է՝ ի շահ Վանաձորի և մարզի բնակիչների, մարզի առողջապահության ոլորտի զարգացման:
Մարզի ղեկավարը հույս է հայտնել նաև, որ սա գործակցության սկիզբն է և համատեղ շարունակական ծրագրերը հաջորդելու են մեկը մյուսին:
Համագործակցությունը ողջունել է նաև Ալեքսանդր Ուռումյանը՝ վստահություն հայտնելով, որ մատուցվելիք ծառայությունները զգալիորեն կնպաստեն Վանաձորի բժշկական կենտրոնի գործունեության էլ ավելի բարելավմանը:
-Ախտորոշումը մատուցվող բժշկական ծառայությունների հիմքն է, հետևաբար եթե կա ճշգրիտ ախտորոշում, ուրեմն նաև վստահություն, որ հետագա բուժումն արդյունավետ կլինի,-ասել է Ա. Ուռումյանը՝ մաղթելով գործակցության բարի և արդյունավետ ընթացք:
Լոռու մարզպետի աշխատակազմին՝ ի դեմս մարզպետ Արամ Ղազարյանի և ՀՀ առողջապահության նախարարությանը վստահության համար շնորհակալություն է հայտնել Նարեկ Մատինյանը: Նա նշել է, որ սա «Պրոտոն Դիագնոստիքսի» առաջին մարզային համագործակցությունն է:
-Վստահ եմ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն մեթոդների, նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգի ներդրումը հնարավորություն կտա մարզի բնակիչներին ոչ միայն հետազոտությունները, այլև հետագա բուժումն ստանալու հենց Վանաձորում՝ չմեկնելով Երևան: Տեղադրվելու է գերժամանակակից մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ)՝ առնվազն 3 տեսլա հզորությամբ: Ակնկալում ենք երկուստեք համագործակցություն՝ մեր հերթին պարտավորվելով ապահովելու ծառայությունների շարունակական զարգացում,-ասել է Ն. Մատինյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ նախատեսվում են բուժանձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ, փորձի փոխանակում, սեմինարների կազմակերպում և այլն:
Մեսրոպ Հազրոյանը նույնպես ողջունել է մեկնարկող համագործակցությունը և ընդգծել, որ այն մեծ աջակցություն է Վանաձորի բժշկական կենտրոնի համար:
-Վստահ եմ, որ այս համագործակցությունը օրինակելի փորձառություն է լինելու նաև մարզի մյուս բուժհաստատությունների համար՝ կարողությունների շարունակական զարգացում ապահովելու նպատակով,-ասել է տնօրենը:
Ամփոփելով միջոցառումը՝ մարզի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ Վանաձորի բժշկական կենտրոնին և մարզի առողջապահության ոլորտին մաղթելով շարունակական զարգացում: Նա կարևորել է նաև հանրության շրջանում հետազոտվելու, առողջությանը հետևելու մշակույթի ձևավորումն ու զարգացումը:
Հուշագրի համաձայն, Լոռու մարզի առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով շարունակական կերպով բարելավել բնակչությանը մատուցվող բժշկական ախտորոշիչ ծառայությունների որակը:
• Լոռու մարզում ներդնել մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն մեթոդներ,
• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ներդնել նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգ:
• Հուշագրի համաձայն նախատեսվում է նաև Լոռու մարզի բժշկական հանրության համար գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների համատեղ կազմակերպում, գիտական աշխատանքների համատեղ իրականացում:
• Համատեղ աշխատանքային խմբերի ձևավորում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում և լուծում:

 

 

 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49