Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Սպիտակ համայնքում
04.11.2024
Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Սպիտակ համայնքում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Սպիտակի տարածաշրջանից մարզի ղեկավարին դիմած քաղաքացիները հարցեր են բարձրացրել սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, բնակարանային, փաստաթղթային խնդիրների, համայնքային զարգացման, բնակավայրերի ճանապարհների նորոգման, լուսավորության ապահովման, մշակութային կյանքի ակտիվացման և այլ ոլորտների վերաբերյալ։
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ լուծումներ կամ պարզաբանումներ:
«Սպիտակի երիտասարդների կենտրոն» ՀԿ֊ի ներկայացուցիչները դիմել են տարածքի տրամադրման հարցով։ Նրանց բարեկարգ տարածք է առաջարկվել Արևաշող բնակավայրում։
Մարզպետին դիմել են նաև մարզում թատերական ներկայացումների կազմակերպման հարցում աջակցելու համար։ Արամ Ղազարյանը նշել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցելու իրազեկման հարցում։
Մարզի ղեկավարն ընդունել է նաև Սպիտակի տարածաշրջանում բնակվող ԼՂ-ից տեղահանված քաղաքացու, լսել նրա մտահոգությունները: Վերջինիս առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմում ներկայացնել, որը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո կուղղորդվի համապատասպան կառույցներ՝ անհրաժեշտ լուծումներ տալու նպատակով։
Արամ Ղազարյանի հանձնարարությամբ պատասխանատու պաշտոնյաները, ելնելով անհրաժեշտությունից, քաղաքացիների ներկայացրած որոշ դիմումներ լրացուցիչ կուսումնասիրեն՝ իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու։