Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի արտագնա նիստ

31.10.2024

Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի նորակառույց դահլիճում անցկացվել է Լոռու մարզխորհրդի արտագնա նիստ, որը վարել է մարզպետ Արամ Ղազարյանը:
Լոռի Բերդի համայնքապետարանը նորամուտ է տոնել սեպտեմբերին: Այն վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարներին և ավագանու անդամներին, մարզպետը նշել է, որ մարզխորհրդի նիստի հրավիրման նպատակը, ըստ ոլորտների, առկա խնդիրների բարձրաձայնումն է և դրանց ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների հստակ ժամկետների սահմանումը, հետևողական քայլերը:
Օրակարգի առաջին հարցով մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել զեկույցով սուբվենցիոն ծրագրերով ու պետական միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Վարչության պետն, ըստ համայնքների, ներկայացրել է շինաշխատանքների ընթացքում արձանագրված որակական և ժամկետային խնդիրները:
Ռ. Մարգարյանն անդրադարձել է 2025 թ. սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման անհրաժեշտությանը ևս: 2025 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներից ներկայացվել է 50 ծրագրի նախնական հայտ, որոնք հավանության են արժանացել գերատեսչությունների կողմից: Վարչության պետը նշել է, որ ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետը նոյեմբերի 25-ն է՝ առաջարկելով հաշվի առնել նաև գերատեսչությունների կողմից ներկայացված դիտարկումները և ուշադրություն դարձնել նախագծող կազմակերպությունների՝ նոր կարգին համապատասխան լիցենզիաների առկայությանը:
Նա անդրադարձել է նաև ճանապարհաշինության, քաղաքաշինության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Մ-6 - Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի, /Մ- 6/ (Ալավերդի) - Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի 9.3 կմ և դեպի Սանահին վանական համալիր տանող, Ստեփանավան – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 8.6 կմ հատվածի, Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների, Մ-6 -Դսեղ -Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջի հիմնանորոգման աշխատանքները, Մ 8- Վանաձոր-Դիլիջան միջպետական ճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Կառավարության կողմից մի շարք գերատեսչությունների պատվիրատվությամբ Լոռու մարզում ընթացքի մեջ են Ալավերդու թիվ 2 դպրոցի և Վանաձորի թիվ 19 դպրոցի, Կաթնառատ, Գարգառ, Լորուտ, Կաթնաղբյուր, Հարթագյուղ, Նորաշեն, Միխայլովկա բնակավայրերի կրթահամալիրների կառուցման աշխատանքները՝ ՀՏԶՀ պատվիրատվությամբ, Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի կառուցման և «Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան N 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները՝ ԿԳՄՍՆ պատվիրատվությամբ, Վանաձորի ԲԿ վարակաբանական ծառայության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները՝ Առողջապահության նախարարության պատվիրատվությամբ, Սպիտակում նոր բնակելի շենքի և Տաշիրի բժշկական կենտրոնի, Սպիտակ, Լուսաղբյուր, Լեռնավան և Գոգավան բնակավայրերում՝ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների, Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 դպրոցի մարզադահլիճի կառուցման և Ալավերդու թիվ 12 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատությամբ:
ՀՏԶՀ պատվիրատվությամբ կայացել են նաև Արևածագի, Օձունի և Ճոճկանի միջնակարգ դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթները, առաջիկայում կսկվեն Վանաձորի թիվ 8, թիվ 9, թիվ 16 և թիվ 23, Ստեփանավանի թիվ 1 և թիվ 2, Ագարակ բնակավայրի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատությամբ մեկնարկել են Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: Պայմանագրային արժեքը՝ 9.410.475.140 (9 մլրդ 410 մլն 475 հազար 140) դրամ է, 2024 թվականի համար նախատեսված ֆինանսական միջոցները 600 մլն դրամ է կազմում(կատարման ժամկետը՝ 4 տարի:
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված թվով 37 ընտանիք: Լոռու մարզպետի աշխատակազմին է հատկացվել 287 մլն 857 հազար դրամ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման և բնակարանի գնման վկայագիր ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար: Տվյալ ծրագրի շահառուներ հանդիսացող բոլոր 37 ընտանիքների հետ կնքվել է աջակցության տրամադրման պայմանագիր: Հատկացվել է 6 ընտանիքի համար նախատեսված 3 մլն դրամ ուղղակի ֆինանսական աջակցությունը, 10 ընտանիք ձեռք է բերել բնակարան և ստացել ԲԳՎ-ով սահմանված աջակցություն, ևս 2 ընտանիքի գումարի հատկացումն ընթացքի մեջ է:
Անդրադառնալով մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով և պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքներում արձանագրված որակական թերություններին, ժամկետների ուշացումներին՝ մարզի ղեկավարի առաջարկությամբ համայնքների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ նրանք հանդիսանում են համայնքներում իրականացվող աշխատանքների թիվ մեկ պատասխանատուն և պետք է հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն բարձր որակով և սահմանված ժամանակացույցով: Մարզի ղեկավարը ժամկետներ է սահմանել թերությունների վերացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար.
-Անհրաժեշտ է անհանդուրժողականություն ցուցաբերել շինարարների անբարեխիղճ գործելաոճի նկատմամբ, լինել պահանջատեր և հետևողական: Պետբյուջեի և համայնքային միջոցները պետք է տնօրինվեն առավելագույնս արդյունավետ և նպատակային,-ասել է մարզի ղեկավարը:
2024 թվականի 9 ամիսներին Լոռու մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը:
Նա նշել է, որ մարզի համայնքների բյուջեներով 2024թ կտրվածքով նախատեսված եկամուտները հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովվել են 51.2%-ով կամ տարվա համար նախատեսված 23 մլրդ 906 մլն 318.3 հազար դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 12 մլրդ 239 մլն 587.1 հազար դրամ, որից վարչական բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները փաստացի կազմել են 9 մլրդ 615 մլն 663.5 հազար դրամ, այդ թվում՝ սեփական եկամուտները` 2 մլրդ 234 մլն 876.5 հազար դրամ: Ֆոնդային բյուջեի կատարողականը կազմել է 29%՝ տարեկան նախատեսված 12 մլրդ 200 մլն 178.4 հազար պլանի դիմաց հավաքագրումը կազմել է 3 մլրդ 541 մլն 327.7 հազար դրամ: Սեփական եկամուտների պլանը մարզում կատարվել է 62.7%-ով` նախորդ տարվա 69.5%-ի դիմաց: Համայնքների սեփական եկամուտների 2024թ.տարեկան պլանը կազմել է 3 մլրդ 561 մլն 970.9 հազար դրամ, 2023թ. 4 մլրդ 369 մլն 291.2 հազար դրամի դիմաց: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ 2023թ. պետական բյուջեից համայնքներին հատկացվել է փոխհատուցում՝ «ՀՀ Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 649.6 մլն. դրամ, որը ներառվել է սեփական եկամուտների հանրագումարում:
Մ. Դալլաքյանը սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրել է նաև ըստ համայնքների՝ նշելով, որ ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ չեն: Որպես խնդրի լուծման տարբերակ՝ վարչության պետն առաջարկել է մի շարք հետևողական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվանական ծանուցագրեր ուղարկել, իրազեկել նաև հարկերի վճարման վերջնաժամկետի, սահմանվող տույժ ու տուգանքների վերաբերյալ, անհատական աշխատանքներ իրականացնել խոշոր հարկատուների՝ մասնավորապես իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների հետ:
Անդրադառնալով խնդրի կարևորությանը՝ մարզպետ Արամ Ղազարյանը հանձնարարել է առաջիկայում, ըստ համայնքների, ներկայացնել պարզաբանումներ սեփական եկամուտների հավաքագրման պարտավորությունների թերի կատարման պատճառների վերաբերյալ և մինչև տարեվերջ եկամուտների կատարման ցուցանիշները հասցնել 100 տոկոսի:
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին զեկուցմամբ հանդես է եկել մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսության պետական օժանդակության 15 ծրագիր՝ ենթածրագրերով՝ ներկայացնելով նաև այդ ծրագրերի իրականացման արդյունքները.
1. ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր.
Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 41 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 9 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 112 մլն դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 31․2 մլն դրամ:
2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր.
Ծրագրի շրջանակում հաստատվել է 7 հայտ՝ 110․6 մլն դրամ, կնքվել է 41 հումքի գնման պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 7.6 մլն դրամ։
3. Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր.
Ծրագրի շրջանակում 2024 թ. Լոռու մարզից թվով 3 շահառուի տրամադրվել է 30 մլն դրամ աջակցություն՝ 30 գլուխ ԽԵԿ-ի ձեռք բերման համար։
4. Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր.
Ծրագրի շրջանակում կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու մասին» 2 պայմանագիր՝ 3-րդ մոդելի՝ 40-45 գլուխ ԽԵԿ-ի համար նախատեսված «խելացի» անասնաշենքի կառուցման նպատակով՝ սուբսիդավորման գումարը կազմել է 35 մլն դրամ։
5. «Բուսաբուծության աջակցության» ծրագիր.
Ծրագրի շահառու են հանդիսացել մարզի 1027 բնակիչ, որոնց ցանքատարածությունները կազմել են 2956. 1 հա:
Վարչության պետն իրազեկել է նաև առաջիկայում մեկնարկելիք ծրագրերի մասին:
Մարզպետ Ա. Ղազարյանն անդրադարձել է պետական աջակցությամբ իրականացվող և իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերի կարևորությանը.
-Գյուղի բնակիչը պետք է լինի մեր առաջնային թիրախում: Պարբերական հանդիպումները, նրանց հուզող հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը վարչության առաջնային խնդիրներից պետք է լինի: Համայնքառհամայնք անհրաժեշտ է իրազեկել գյուղատնտեսության ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդների, պետության օժանդակությամբ իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ,-ասել է մարզի ղեկավարը: Նա հանձնարարել է վերջիններիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և առավելագույն չափով շահառուների ներգրավման նպատակով համայնքների ղեկավարների մասնակցությամբ իրազեկման աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում և բնակավայրերում:

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն իր զեկույցում ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքները:
Մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների վճարովի ծառայությունների հետ կապված՝ նա նշել է, որ 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով այն կազմել է 1.2 մլրդ դրամ, 2024թ. նույն ժամանակահատվածում հասել է 1,3 մլրդ-ի, իսկ պետպատվերի կատարողական աշխատանքների բազային ծավալը գերազանցում է 4.6 մլրդ դրամը, նախորդ տարվա 4,1 մլրդ դրամի համեմատ:
Ռ. Պողոսյանը կարևորել է բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացմանն ուղղված հետևողական ջանքերը և նշել, որ խնդիրը գտնվում է Լոռու մարզպետի ամենօրյա հսկողության տակ:
Վարչության պետն իրազեկել է մարզում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և միջազգային կառույցների օժանդակությամբ բուժհիմնարկների պայմանների բարելավման, բուժծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեծածավալ աշխատանքների մասին ևս, նշելով, որ դրանք կամ ավարտվել են կամ ավարտական փուլում են: Նա անդրադարձել է նաև գրիպի համաճարակի և դրա դեմ պատվաստումների անհրաժեշտությանը, տարվող գործընթացին:
Առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրների հետ կապված՝ մարզպետ Արամ Ղազարյանը կրկին ընդգծել է մարզի բոլոր համայնքներում բուժծառայությունների և բուժառուներին սպասարկման որակի բարձրացման, անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով, մասնագետ կադրերով համալրման կարևորությունը, հանձնարարել նշված ուղղություններով հստակ գործողություններ իրականացնել:
-Մարզում բուժսպասարկման որակը պետք լինի այնպիսին, որ բուժառուները ցանկանան իրենց բուժսպասարկումն ստանալ ոչ թե մայրաքաղաքում, այլ՝ մեր մարզի բուժհաստատություններում: Անհրաժեշտ է թռիչքային զարգացում ապահովել: Այս ուղղությամբ մարզի բուժհաստատությունների հետ միասին պետք է հստակ գործողությունների ծրագրեր մշակվեն և իրականացվեն,-ասել է մարզպետը՝ նշելով, որ ներկայում իրականացվող աշխատանքների տեմպերը չեն բավարարում:
Տեղեկատվություն է ներկայացվել նաև 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած աղետի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների փոխհատուցման գործընթացի մասին:
Ամփոփելով նիստը՝ մարզի ղեկավարը, շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար՝ միաժամանակ նշելով, որ անհարժեշտ է կրկնապատկել և եռապատկել ջանքերը ցանկալի արդյունքների հասնելու համար՝ հանուն Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության, հանուն բնակիչների բարեկեցության ապահովման:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49