Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիր համայնքում գործող «Երեմյան Փրոջեքթս» անասնապահական խոշոր համալիրը նշել է գործարկման մեկամյակը

29.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 28-ին Տաշիր համայնքում ներկա է եղել «Երեմյան Փրոջեքթս» անասնապահական խոշոր համալիրի գործարկման մեկամյակի առթիվ կազմակերպված, ինչպես նաև «Երեմյան ֆարմ ֆեսթ» գյուղատնտեսական միջոցառմանը:
Ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Եվրասիական բանկի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Պետր Պիրունչիկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նաննա Սկաուն, գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ, հյուրեր։
Միջոցառումների մասնակիցներին հյուրընկալել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նա շնորհավորել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի համար կարևոր և նշանակալի օրվա կապակցությամբ, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գործարկվել է ընկերության՝ եվրոպական չափանիշներին համապատասխան անասնապահական գերժամանակակից խոշոր համալիրը՝ Հայաստանում գյուղատնտեսության և կաթնարտադրության ոլորտներում ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը:
- Իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում ձեզ՝ պարոն Երեմյան, Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտում նման մեծածավալ նախաձեռնության իրականացման համար: ՀՀ կառավարություն և մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային այս խոշոր ծրագրի իրականացումը Լոռու մարզում միտված է նպաստելու ագրոարդյունաբերության ոլորտում կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև, որ պակաս կարևոր չէ, պարենային անվտանգության ապահովմանը,-ասել է մարզի ղեկավարը՝ նշելով, որ ՀՀ կառավարության աջակցությամբ Լոռու մարզպետի աշխատակազմը սիրով պատրաստ է համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Արման Խոջոյանը, ով ևս շնորհավորել է ընկերության համար կարևոր միջոցառման առթիվ:
-Սա միայն անասնապահական համալիրի հիմնում չէ, այլ գիտելիքի ու փորձառության փոխանցման մի հարթակ և օրինակ մյուս տնտեսությունների համար: Այստեղ հնարավոր է եղել համադրել միջազգային լավագույն փորձը և տեղի արտադական հնարավորությունները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես կանգնած է նման ծրագրերի կողքին,-նշել է Ա. Խոջոյանը:
Դավիթ Երեմյանի խոսքով անասնապահական համալիրի հիմնումը աննախադեպ նախագիծ է եղել թե՛ Հայաստանի և թե՛ ոլորտի համար։
-Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում զարգացնելու թե՛ ժամանակակից անասնապահությունը, թե՛ կաթնամթերքի արտադրությունը և թե՛ ձևավորել կաթնամթերքի սպառման նոր մշակույթ: Ես շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետի աշխատակազմին, Տաշիրի համայնքապետարանին, Եվրասիական զարգացման բանկին մեզ սատարելու համար: Իմ մեծագույն երախտագիտությունն եմ հայտնում մեր թիմին, որը հսկայածավալ աշխատանք է կատարել: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն, ինչ խոսք, կարևոր է, սակայն եթե չլիներ հզոր մարդկային ռեսուրսը և նվիրված աշխատանքը, ոչինչ չէր ստացվի -ասել է ընկերության գլխավոր տնօրենը:
Արմեն Մելկիկյանն իր ելույթում նշել է, որ Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ընկերության հետ համագործակցելու նաև այլ ծրագրերի շրջանակներում.
-Այս ծրագրի մեկնարկը տրվեց ՝նպատակ ունենալով նպաստել երկրում պարենային անվտանգության ապահովմանը, ներդնելու նոր մշակույթ գյուղատնտեսության ոլորտում: Հպարտությամբ կարող ենք ասել, որ հասել ենք այդ նպատակին,-ասել է Ա. Մելկիկյանը:
Ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը, ինչպես նաև գյուղտնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը հանդես են եկել տարեկան հաշվետվության ներկայացմամբ, ապա տեղի է ունեցել թիմի անդամների պարգևատրում:
Հյուրերը շրջայց են իրականացրել անասնապահական համալիրում:
Ինչպես հայտնի է, «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական խոշոր համալիրի ներդրումային ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն էր ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
Նախագծի բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 43,5 միլիոն ԱՄՆ դոլար։
Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում 34 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։
Անասնապահական համալիրը բաղկացած է տավարաբուծական ֆերմայից, որն իր հերթին ունի անասնապահական գոմերի 2 մասնաշենք 1500 գլուխ կենդանու համար, շրջանաձև ավտոմատ կթարան, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի, չոր խոտի ընդարձակ պահեստ, սիլոսի, գոմաղբի հեռացման հորեր։ Անասնապահական համալիրի խոզաբուծական ֆերման (600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17 000 գլուխ կենդանի են տալիս) ունի անասնապահական գոմեր, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գոմաղբի հեռացման հորեր, սպանդանոց։
Բոլոր միավորներն ունեն ադմինիստրատիվ մասնաշենքեր, որոնք ներառում են հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով կահավորված գրասենյակ, ընդարձակ և լուսավոր հանդիպումների սրահ, առանձին աշխատասենյակներ, խոհանոց: Համալիրը գործում է փակ շղթայով, ինչի արդյունքում ապահովվում է բարձրակարգ կաթի ու կաթնամթերքի արտադրություն, մատակարարում ու սպառում։
Ներդրումային այս ծրագիրն իրականացվել է Եվրասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է այս նախագծի ներդրումային ծախսերը։
«Երեմյան ֆարմ ֆեսթի» շրջանակներում կազմակերպվել է նաև գյուղտեխնիկայի ցուցադրություն:
«Երեմյան ֆարմ ֆեսթը» հիմնադրվել է «Երեմյան Փրոջեքթսի» կողմից՝ նպատակ ունենալով միջոցառման միջոցով կիսվելու գյուղատնտեսական ոլորտի զարգացման ուղղությամբ ընկերության կատարած աշխատանքներով, մասնավորապես՝ կաթնարտադրության մեջ կիրառվող նորարար տեխնոլոգիաներով, գերժամանակակից սարքավորումներով, ձեռք բերված գիտելիքներով, փորձով և տեղայնացված մոտեցումներով:
Հյուրերը շրջել են և ծանոթացել ներկայացված տեխնիկային:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38