Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ծանոթացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործունեությանը

28.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 25-ին ծանոթացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, Լոռու մարզում իրականացվող անտառապատման, կանաչապատման և բնապահպանության կրթական ծրագրերին:
Լոռու մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջին Մարի Փափելյանը, ընկերության անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը, «Միրաք ընտանիքի անվան» տնկարանի ղեկավար Արամ Մովսիսյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Այցի առաջին կանգառը եղել է Մարգահովիտ և Ֆիոլետովո բնակավայրերին կից՝ «Հրանտ Դինքի» հիշատակի անտառում, որը 17 տարի առաջ հիմնվել է «Էյ Թի Փի» հիմնադրամի կողմից:
11 հեկտար տարածքում տնկված է 53 հազար ծառ՝ հիմնականում սոճիներ:
Անտառը նախատեսվում է համայնքին հանձնել 2027 թվականին։
Մարզի ղեկավարին է ներկայացվել անտառի ստեղծման պատմությունը և նշվել, որ մարզում իրականացվող բոլոր բնապահպանական ծրագրերը նպատակ ունեն Լոռին առավել կանաչ, էկոլոգիապես մաքուր դարձնելուն և շրջակա միջավայրի պահպանությանը:
Այցելություն է կատարվել նաև Մարգահովիտ բնակավայրի «Օհանյան ընտանիքի անվան բնապահպանական կրթության կենտրոն», որը Լոռու և հարակից մարզերի համար արդեն 12 տարի հանդիսանում է բնապահպանական գիտելիքների տարածմանը նպաստող կարևորագույն կրթարան:
Տարեկան ավելի քան 3000 աշակերտ կենտրոնում մասնակցում է բնապահպանական տեսական և գործնական դասընթացների, էկոճամբարների, ուսուցիչների համար կազմակերպվում են վերապատրաստումներ, աշխատարաններ և միջոցառումներ։
Կենտրոնի համակարգող Գայանե Մարգարյանի և աշխատակիցների ներկայացմամբ՝ Արամ Ղազարյանը ծանոթացել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, իր հիացմունքը հայտնել կատարված մեծածավալ աշխատանքների համար:
Մարզպետը ցանկություն է հայտնել առաջիկայում մեկ աշխատանքային օր անցկացնել կենտրոնում, ծանոթանալ կրթական բոլոր ծրագրերին՝ կարևորելով դրանց ազդեցությունը հատկապես դպրոցականների կրթամակարդակի բարձրացման վրա:
Մարզի ղեկավարն այցելել է նաև Մարգահովիտ բնակավայրում գտնվող «Էյ Թի Փի» հիմնադրամի «Միրաք ընտանիքի անվան» անտառվերականգնման տնկարան, ծանոթացել տնկարանային տնտեսության գործունեությանը, որտեղ հիմնականում աճեցվում են սոճու, կեչու, վայրի խնձորի, տանձի, բարձր լեռնային թխկու և այլ տնկիներ:
Արամ Ղազարյանին տեղեկացվել է, որ անտառապատման աշխատանքները մարզում մեկնարկել են հիմնականում 2005 թ-ից։ Տնկումներն իրականացվել են 16 բնակավայրում՝ Տաշիր, Ուրասար, Կողես, Սպիտակ, Բովաձոր, Սարատովկա և այլն:
2005-2023թ.թ. «Էյ Թի Փի» հիմնադրամը Լոռու մարզում իրականացրել է 1100 հա անտառատնկման աշխատանքներ, որից միայն 2023թ.-ին՝ 106 հա անտառատնկման, 64 հա խնամքի և 3.1 կմ ցանկապատման աշխատաքներ: Տնկվել է 370 հազար տնկի: Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում մարզի համայնքներին ու տարբեր կազմակերություններին են տրամադրվել շուրջ 13.700 տնկիներ: Ստեղծվել է 300-ից ավելի ժամանակավոր աշխատատեղ:
2024թ. հիմնադրամը մարզում իրականացրել և շարունակում է իրականացնել անտառատնկման, 80 հա անտառամշակույթների լրացման, խնամքի, 15 կմ ցանկապատման աշխատաքներ և այլն:
Արամ Ղազարյանը տնկարանում նաև անվանական ծառ է տնկել և խոստացել առավել հաճախակի այցելել:
Մարզի ղեկավարն իր շնորհակալությունն է հայտնել իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու կազմակերպությանը բոլոր ողջունելի նախաձեռնություններում:
Նա խնդրել է նաև իր երախտագիտության խոսքը փոխանցել բոլոր սփյուռքահայ բարերարներին, ովքեր իրենց անձնական միջոցներն են ներդնում հայրենիքում նման կարևոր ծրագրեր իրականացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13