Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սերտորեն գործակցում ենք միջազգային գործընկերների, անհատ ներդրողների հետ զբոսաշրջությունը մարզում խթանելու, ներդրումներ ներգրավելու նպատակով. Լոռու մարզպետ

24.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցել է «ԶբոսաշրջությունԲանակցություններ» (TourismTalks) միջոցառմանը, որն արդեն 5-րդ անգամ կազմակերպում են Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթության ուսուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման նպատակն է մեկ հարթակում քննարկել զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմնախնդիրները, կիսվել գաղափարներով և համագործակցության առաջարկներով:

Միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը, «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Հովսեփյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ և ծրագրի ղեկավար Սվենա Վայրուխը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում ծրագրերի ղեկավար Լուսինե Ղուկասյանը, «ՀԿ կենտրոն» ՔՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային պատասխանատուներ, մարզում զբոսաշրջային գործունեություն ծավալող և ծառայություններ մատուցող ընկերությունների, միջազգային և տեղական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, արտադրողներ, ոլորտով հետաքրքրված քաղաքացիներ, հյուրեր:
Արամ Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է մարզում զբոսաշրջության զարգացմանը նվիրված միջոցառումը, ընդգծել, որ զբոսաշրջությունը մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է:
- Լոռին ունի բոլոր կարևոր նախադրյալները ոլորտի լիարժեք զարգացման համար: Ինչպես գիտեք, վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, պետբյուջեի միջոցներով և պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով դեպի պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև միջպետական, հանրապետական, մարզային, համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման, ենթակառուցվածքների բարելավման և տարբեր ուղղություններով: Դրանք շարունակական բնույթ են կրելու: Ուզում եմ վստահեցնել, որ մենք լիարժեքորեն շահագրգռված ենք ոլորտի զարգացմամբ, ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, նաև պատրաստ ենք քննարկելու բոլոր ողջունելի և իրատեսական նախաձեռնությունները, - ասել է Արամ Ղազարյանը:
Մարզի ղեկավարը նշել է, որ իր աշխատակազմը սերտորեն գործակցում է միջազգային գործընկերների, անհատ ներդրողների հետ՝ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները խթանելու, ներդրումներ ներգրավելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ներկաները մարզպետին հարցեր են ուղղել շրջակա միջավայրի պահպանության, Վանաձոր քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման և զարգացման, մարզում զբոսաշրջության խթանման առաջնահերթությունների, հիմնախնդիրների և այլ հարցերով:
Արամ Ղազարյանը վերստին ընդգծել է տուրիզմը Լոռու մարզում զարգացնելու իր հաստատակամությունը, հայցել ոլորտի ներկայացուցիչների և սրացավ մարդկանց աջակցությունն այդ հարցում, նշել, որ պետություն-համայնք-մասնավոր արդյունավետ գործընկերությամբ միայն Լոռին առավել զարգացած և բարեկեցիկ կդառնա:
Հանդիպման ընթացքում տուրիզմի խթանմանն ուղղված իրենց գործունեությունն են ներկայացրել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «ՀԿ կենտրոնի» ղեկավարները, մարզի հաջողակ կին ձեռներեցները, տուրիզմի զարգացմամբ զբաղվող բլոգերները:
Հանդիպման ավարտին կազմակերպվել է նաև Լոռու մարզի տեղական արտադրողների ցուցահանդես-վաճառք: Արամ Ղազարյանը զրուցել է արտադրողների հետ, ծանոթացել ցուցադրությանը ներկայացված բազմազան տեսականուն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13