Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի ծննդյան 95-ամյակը
24.10.2024
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, հոգևորականներ, մտավորականներ, հոբելյարի արվեստի երկրպագուներ։
Հանդիսատեսին է ներկայացվել Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որտեղ ժողովրդական արտիստուհին մարմնավորում էր գլխավոր դերակատարուհու կերպարը։
Երեկոն ամփոփվել է շնորհավորանքի և գնահատանքի ելույթներով։
Օրհնության խոսք և բարեմաղթանքներ է հղել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` հոբելյարին մաղթելով քաջառողջություն և երկարակեցություն:
Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից շնորհավորել է հոբելյարին՝ բարձր գնահատելով դերասանուհու վաստակը և մաղթելով առողջություն, ուժ ու եռանդ, ստեղծագործական նոր ձեռքբերումներ։
- Շնորհիվ Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության մնացել եք հավատարիմ հարազատ Լոռվա աշխարհին: Դուք հայ թատրոնի պատմության մեջ միակ դերասանուհին եք, ով այս պատկառելի տարիքում բեմ է բարձրանում՝ վայելելով մարդկանց անկեղծ սերը, հարգանքը և ծափողջույնները,- նշել է փոխմարզպետը:
Հայ թատերարվեստի պահպանման, զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի, թատերասեր սերունդների գեղագիտական կրթության, դաստիարակության գործում ունեցած մեծ դերակատարության համար և 95-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի պատվոգրով է պարգևատրել վաստակաշատ դերասանուհուն:
Ռոզա Մխիթարյանին շնորհավորանքի խոսքեր են հղել նաև թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Էլֆիք Զոհրաբյանը, այլ հյուրեր։
Ռոզա Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ծննդյան առթիվ հոբելյանական միջոցառում կազմակերպելու և իրեն ուղղված ջերմ խոսքերի համար: