Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս

17.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 17-ին հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին և Եվրոպական միության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Ֆինլանդիա, Հունաստան, Նիդերլանդներ, Լատվիա, Լիտվա, Սլովակիա, Շվեդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Կիպրոս) արտակարգ և լիազոր դեսպաններին, դեսպանատների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը:
Մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպաններին Լոռու մարզում հյուրընկալվելու և Եվրամիության աջակցությամբ մարզում իրականացվող բազմաոլորտ ծրագրերի համար:
Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Եվրամիության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրին, որի շրջանակներում ստեղծվել և ակտիվորեն գործում են հինգ տեղական ակտիվ խմբեր, որոնք մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերն՝ ուղղված համայնքների բազմակողմանի զարգացմանը:
Մարզի ղեկավարն առանձնացրել է հատկապես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը և նշել, որ այն մեծագույն աջակցություն է Լոռու մարզկենտրոնի համար: Ծրագիրը, ինչպես հայտնի է, մեկնարկել է 2021թ փետրվար ամսին և տևել է 40 ամիս՝ ավելի քան 4 մլն եվրո բյուջեով։ Ծրագիրն իրականացվել է Վանաձորում և Գյումրիում՝ Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Ձեռք են բերվել 5-ական ավտոբուսներ յուրաքանչյուր քաղաքի համար, լիցքավորման 6 կայաններ Գյումրի և Վանաձոր քաղաքների համար, միասնական տոմսավավերացման համակարգ, աշխարհագրական տեղեկատվական համակարգ gismap.am, շուրջ 660 պլաստիկի և 660 խառը աղբի համար նախատեսված աղբարկղեր, փոքր մայթերը և այգիները մաքրող մեքենա, կարշեր: Անց են կացվել վերապատրաստման դասընթացներ, իրականացվել են մաքրության շաբաթներ և այլն:
- Վստահ եմ` այս ծրագիրը զգալի դրական ազդեցություն կունենա Վանաձորի տրանսպորտային համակարգի արդիականացման, զարգացման, ինչպես նաև աղբահանության պատշաճ կազմակերպման և կոշտ կենցաղային թափոնների կառավարման վրա,-ասել է Ա. Ղազարյանը:
Նա իր ելույթում անդրադարձել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերի ևս: Անդրադառնալով մարզի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Եվրամիության գործընկերներին սիրով պատրաստ են ներկայացնելու այդ ծրագրերը՝ դոնորներ ներգրավելու նպատակով:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերված և շարունակվող աջակցությամբ համար ու նշել, որ նրանք ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են:
Ամփոփելով խոսքը՝ մարզի ղեկավարը նշել է.
- Լոռու մարզպետի աշխատակազմը և ես մեծապես շահագրգռված ենք Եվրոպական երկրների հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունների շրջանակն է՛լ ավելի ընդլայնելու հարցում, ու ակնկալում ենք նաև ձեր գործուն աջակցությունը: Հատկապես, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքներ: Համոզված եմ, առաջիկայում նոր ծրագրերի շրջանակներում համատեղ աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կունենանք,-ասել է Լոռու մարզպետը:
Ներկա դեսպանների և իր անունից շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Վասիլիս Մարագոսը նույնպես համառոտ անդրադարձ է կատարել Եվրոպական միության աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերին և մասնավորապես «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» և «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրերին:
-Եվրամիությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի մարզերի զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացման հարցում և Լոռու մարզն այն կարևոր մարզերից է, որտեղ մենք ծրագրեր ենք իրականացնում: Այդ հարցում շատ մեծ է նաև ձեր դերակատարությունը՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոնց օգնությամբ մենք կարողանում ենք ծրագրերի իրականացման հաջող ընթացք և արդյունք ապահովել,- նշել է Եվրոպական միության պատվիրակության դեսպանը:
Նա ասել է, որ Եվրամիությունը շահագրգռված է տեղական փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցելու հարցում ևս:
-Առաջնային ենք համարում նաև այստեղ ինդուստրիալ ոլորտի և զբոսաշրջության զարգացումը և պատրաստ են առավել լայն համագործակցության հնարավորութունների վերաբերյալ քննարկումներ ունենալու,-ասել է Վ. Մարագոսը:
Նա իր խոսքում անդրադարձել է ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիներին Եվրամիության կողմից ցուցաբերված աջակցության ծրագրերին և նշել, որ այդ ծրագրերը շարունակվում են:
Կողմերն անդրադարձել են նաև մայիսի 25-26 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքների վերացման ընթացիկ աշխատանքներին, ծրագրերին: Մարզպետն ամփոփ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող աջակցության ծրագրերը, աղետի գոտու վերականգնման ընթացքը: Նա շնորհակալություն է հայտնել Եվրամիության երկրների կողմից ևս աղետի գոտուն ցուցաբերված աջակցության համար:
Քննարկվել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության, համատեղ մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր ևս:
Հանդիպման ավարտին ներկաները նաև տեսաֆիլմ են դիտել «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի վերաբերյալ:
Միջոցառումը շարունակվել է Հայքի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում էլեկտրական 5 ավտոբուսների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ելույթներով հանդես են եկել Վասիլիս Մարագոսը և Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագիրը կտա իր դրական արդյունքը և կնպաստի համայնքի ենթակառուցվածքների բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանությանը:
Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վանաձորում նման կարևոր ծրագրի իրականացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13