Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարգահովիտը 1027 տարեկան է. «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը նշվել է մեծ հանդիսավորությամբ

15.10.2024

Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվել է Մարգահովիտ բնակավայրի 1027-ամյակը։ «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ և հյուրեր:
Ներկաներին օրհնության խոսք է հղել Մարգահովիտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ղալայանը։
Ներկաներին ողջունել է տեղակալ Գոռ Ասրյանը՝ շնորհավորանքի խոսքեր հղելով նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից։
- Իր ավանդույթներով և արարող ու ստեղծագործող մարդկանցով հայտնի Մարգահովիտ բնակավայրից ծնունդ առած տասնյակ հարյուրավոր մարդիկ այսօր էլ շարունակում են հեռվից ու մոտիկից իրենց մեծ ավանդը բերել գյուղի զարգացման գործին: Շնորհավորելով մարգահովտցիներին՝ մաղթում եմ լիության, առատության և բարեկեցության բոլորովին նոր ժամանակաշրջան, որտեղ արարող, բերք ու բարիք ստեղծող գյուղացին լիուլի վարձատրված ու ապահովված կզգա իրեն, որտեղ կրթություն ստացող ամենակրտսեր մարգահովտցին անգամ վաղը պատրաստ ու պատրաստակամ կլինի դառնալու իր հայրենի բնօրրանի, իր ժողովրդի արժանի տերն ու ծառայողը,- նշել է փոխմարզպետը:
Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը:
- Այս գունեղ տոնի կազմակերպման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն են ունեցել Փամբակի համայնքապետարանը, Մարգահովիտի վարչական ղեկավարն ու աշխատակազմը, բնակիչները, բնակավայրում գործող տնտեսվարողները։ Սա ևս մեկ ապացույց էր, որ կարող ենք միահամուռ լինել և միասնական ջանքերով առաջ գնալ՝ զարգացնելով մեր բնակավայրերն ու համայնքները։ Շնորհավորում եմ ինչպես մարգահովիտցիներին, այնպես էլ մեզ՝ դարերի պատմություն ունեցող այս գյուղի տոնի առթիվ, ֊ասել է նա։
Տոնակատարությանը հնչել են շնորհավորական ելույթներ վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանի, Մարգահովիտի երկարամյա ղեկավար, Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանի, Հ․ Թումանյանի անվան միջն․ դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանի և բնակավայրի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող այլ անձանց կողմից, հիշատակվել են համայնքում բնակվող և արտերկրից հարազատ գյուղին օժանդակող բարերարների անունները:
Միջոցառմանը զուգահեռ անցկացվել է նաև փառատոն։ Վարչական կենտրոնի նախաձեռնությամբ բնակավայրում գործող կազմակերպությունները, դպրոցի 1-ից 12-րդ դասարանների աշակերտներն ու ծնողները տաղավարներում ներկայացրել են բնակավայրի բերքն ու բարիքը, Լոռվա ավանդական խոհանոցը, ուտեստները, ձեռագործ աշխատանքներ։
Պաշտոնյաները շրջել են տաղավարներով, ծանոթացել գյուղի ավանդական ուտեստներին, օգտվել համտեսի հյուրասիրությունից:
Միջոցառման շրջանակներում ազգային երաժշտական ու պարային կատարումներով հյուրերին ուրախ տրամադրություն են հաղորդել բնակավայրի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները:
Միջոցառման ընթացքում «Փամբակ համայնքի պատվավոր քաղաքացու» կոչումներ են շնորհվել Արամ Նազարյանին, Սերյոժա Սարդարյանին, Արթուր Բեկչյանին, Արմեն Մատինյանին, Գերասիմ Սարուխանյանին։ Բնակավայրի վարչական ղեկավարի կողմից համայնքում իրականացվող աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագրեր են հանձնվել նաև մի խումբ անձանց:
Տոնական միջոցառման ավարտին բոլոր ներկաներին մատուցվել է մատաղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49