Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվել է Տաշիր քաղաքի տոնը և կազմակերպվել «Պանրի փառատոն»

11.10.2024

Հոկտեմբերի 10-ին նշվել է Տաշիր քաղաքի հիմնադրման 180-ամյակը և անց է կացվել ավանդական դարձած Տաշիրի «Պանրի փառատոնը», որին ներկա է եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Հանդիսավոր տոնակատարությանը մասնակցել են Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տաշիրի 1-ին քաղաքապետ Էդիկ Այվազյանը, Լոռու մարզի համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, Տաշիրի պատվավոր քաղաքացիներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր, հարյուրավոր տաշիրցիներ, հյուրեր:
Քաղաքի տոնի կապակցությամբ համաքաղաքացիներին շնորհավորել է համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը:
«Տաշիրն իր 180 տարիների ընթացքում կարողացել է լինել ազգերի և մշակույթների խաչմերուկ, կերտել է հարուստ պատմություն և աշխարհին տվել այնպիսի հայորդիներ, որոնք կարողացել են բարձր պահել Տաշիրի անունը և պատիվը: Մեր քաղաքի պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, հոգատար ու սրտացավ վերաբերմունքի, դժվարին պահերին համախմբվելու, միմյանց նկատմամբ փոխադարձ սիրո դրսևորման միջոցով»,- ասել է համայնքապետը:
Օրհնության խոսք է հղել Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
«Թող Աստծո ամենասուրբ աջը պահապան և աջակից Ձեզ, նրա օրհնությունն ու սերը՝ այս տարածաշրջանից անպակաս: Շնորհակալություն այն բոլոր անձանց, ովքեր աջակից են դառնում այս քաղաքում գեղեցիկ ծրագրերի իրականացմանը» -ասել է Սրբազանը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ներկաներին շնորհավորել է տեղակալ Գոռ Ասրյանը: Նա ներկայացրել է մարզի ղեկավարի ուղերձը «Տաշիրի օրվա» կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մեր աչքի առջև համայնքը տարեցտարի ավելի բարեկարգ ու գեղեցիկ է դառնում՝ շնորհիվ պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերի, պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև բարերարների աջակցությամբ: Այսուհետ ևս մաղթում եմ նորանոր զարգացումներ և առաջընթաց՝ ինչպես համայնքում, այնպես էլ՝ ժողովրդի կյանքում և աշխատանքում: Մաղթում եմ, որ առաջիկայում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ձեր հաղթանակները բազմապատկվեն, միմիայն հաջողություններ գրանցվեն՝ ի նպաստ համայնքի ու մարզի շարունակական զարգացման»:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է քաղաքի պատմությունը, Տաշիրի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լոռու մարզպետի և համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրերի են արժանացել մի խումբ տաշիրցիներ:
Միջոցառմանը զուգահեռ կենտրոնական հրապարակում մեկնարկել էր «Պանրի փառատոնը», որտեղ ներկայացվել էին պանրագործության հարուստ ավանդույթներ ունեցող Տաշիրի և այլ համայնքների պանրագործական ընկերությունների արտադրատեսակները, կաթնամթերքի բազմազան տեսականին:
Հյուրերը շրջել են տաղավարներով, օգտվել համտեսի հյուրասիրությունից, գնահատել ցուցադրված պանրի տեսականու որակական և համային հատկանիշները, մասնակցել պանրագործության վարպետաց դասերին:
Միջոցառումն ուղեկցվել է գեղանկարչական, ձեռքի աշխատանքների և 3D մոդելավորման ցուցադրություններով, ազգային երգ ու պարով, երաժշտությամբ: Կատարումներով հանդես են եկել ինչպես տեղական, այնպես էլ՝ հրավիրված պարային խմբերն ու անհատ կատարողները:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան տոնական միջոցառմանը ներկայացրել էր իր ռետրո մեքենաների հավաքածուն, իսկ վերջում՝ տոնն ամփոփվել է միասնական շուրջպարով:
Միջոցառումը կազմակերպել էր Տաշիրի համայնքապետարանը՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի օգնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49