Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկօրյա կրեդիտավորված անվճար դասընթացներ են կազմակերպել Լոռու մարզի բուժհաստատությունների շուրջ 320 բժիշկների և բուժքույրերի համար

09.10.2024

ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի «Մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը» և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը Ստեփանավանի և Վանաձորի բժշկական կենտրոններում երկօրյա կրեդիտավորված անվճար դասընթացներ են կազմակերպել Լոռու մարզի բուժհաստատությունների շուրջ 320 բժիշկների և բուժքույրերի համար։ Ստեփանավանի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն է ստացել 98 բուժառու (26 կին և 72 երեխա)։
Գործընթացին հետևել է Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:Նա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջունել է դասընթացի մասնակիցներին՝ կարևորելով բուժաշխատողների մասնագիտական կարողությունների պարբերաբար բարձրացման անհրաժեշտությունը: Նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի «Մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի» և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի անձնակազմին դասընթացի նախաձեռնության և բարձր մակարդակով իրականացման համար:
Բժիշկների դասընթացը վերաբերել է մանկաբուժության, մանկական վիրաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ալերգոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտներում ախտորոշման և բուժման նոր մոտեցումներին, իսկ բուժքույրերի դասընթացի ընթացքում ներկայացվել են սուր շնչական վարակների և դիարեայի ժամանակ կիրառվող բուժքույրական գործառույթները, ինչպես նաև երեխաների անվտանգության վերաբերյալ խորհրդատվությունը։
Դասընթացներ են անցկացվել նաև մանկաբարձ-գինեկոլոգների և մանկաբարձուհիների համար՝ կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող ուրոգինեկոլոգիական խնդիրների վերաբերյալ։
Դասընթացից բացի՝ մասնագետները նաև անվճար խորհրդատվություն են տրամադրել էնդոկրինոլոգիական, ալերգոլոգիական, վիրաբուժական, ուրոլոգիական, ստամոքսաաղիքային, վարակաբանական, դիմածնոտային շրջանի խնդիրներ ունեցող երեխաներին, ինչպես նաև ուրոգինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանանց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13