Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վանաձորի օրվա» գլխավոր մրջոցառումը՝ Հայքի հրապարակում

07.10.2024

«Վանաձորի օրվա» տոնակատարությունների շրջանակներում գլխավոր միջոցառումն անցկացվել է Վանաձորի Հայքի հրապարակում: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ, Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, հարյուրավոր վանաձորցիներ, հյուրեր:
Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Արկադի Փելեշյանը:
-Քաղաքը միայն խոսքերով չէ, որ սիրում են։ Այդ սերը պետք է դրսևորել շենացնելով, բարեկարգելով, օր-օրի զարգացնելով այն։ Սա կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան, իրենց նպատակները կապում են Վանաձորի հետ,-ասել է նա։
Վանաձորին ու վանաձորցիներին ուղղված օրհնության խոսք է հղել Գուգարաց թեմի առաջնորդը.
-Վանաձորն Աստվածային քաղաք է: Ապրենք ու ստեղծագործենք մեր քաղաքում, որպեսզի այն դրախտի նմանվի: Աստծո օրհնությունն անպակաս լինի այստեղից,-ասել է Հովնան Սրբազանը:
Ներկաներին ողջունել և շնորհավորել է մարզպետ Արամ Ղազարյանը: Նա իր ելույթում նշել է, որ Վանաձորը միշտ յուրահատուկ է եղել իր բնակիչներով` մտավորականներով ու արվեստագետներով, երաժիշտներով, գեղանկարիչներով, արտիստներով, քանդակագործներով ու շինարարներով, մարզիկներով, շատ այլ մասնագիտություններ պատվով կրող կոլորիտային մարդկանցով և վստահություն հայտնել, որ նրանց փոխարինելու կգան նույնքան արժանավոր սերունդներ, և Վանաձորը կշարունակի մնալ բարի, համեստ ու խելացի, չափազանց համբերատար, աշխատասեր և լավատես մարդկանց բնօրրան:
Մարզպետն իր խոնարհումն է հայտնել նաև վանաձորցի այն հերոս տղաների հիշատակին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի:
Արամ Ղազարյանն իր ելույթում ընդգծել է, որ մարզկենտրոնում մեծածավալ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում. կառուցվում ու բարեկարգվում են փողոցներ, բակեր մանկապարտեզներ ու դպրոցներ, մարզադահլիճներ, մշակութային օջախներ և այլն, և այս ամենը պետբյուջեի ֆինանսավորմամբ և պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով, և այդ ծրագրերը շարունակական են լինելու.
- Վանաձորն ունի բոլոր հնարավորություններն ապահովելու համար ապրելու և արարելու արժանապատիվ պայմաններ:
Ես՝ որպես մարզի ղեկավար, հետևողական եմ Վանաձորին վերաբերող ցանկացած խնդրի լուծման հարցում և բոլոր քաղաքացիներից ակնկալում եմ ակտիվ համագործակցություն: Մեր նպատակն է զարգացման նոր թափ հաղորդել Լոռու մարզկենտրոնին, վերականգնել կանաչ ու հյուրընկալ քաղաք լինելու Վանաձորի համբավը՝ իր ենթակառուցվածքներով, պուրակներով ու այգիներով, ժամանցի գեղեցիկ վայրերով, և վստահ եմ, հասնելու ենք այդ նպատակի իրականացմանը,-ասել է մարզպետը:
Տոնական օրը շարունակվել է ուրախ համերգային ծրագրով, անակնկալներով և տոնական հրավառությամբ: «Վանաձոր, իմ քաղաք» երգի կատարմամբ(խոսք՝ Սամվել Խալաթյանի, երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի) հանդես է եկել «Հորովել» երգի-պարի համույթի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, մեներգիչ Արմեն Ներսիսյանը: Երգերի կատարումներով հանդես են եկել երգչուհի DLitte, Սոնա և Գարիկ բենդը: Միջոցառումը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13