Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրել է 81 մանկավարժի

07.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ հոկտեմբերի 4-ին՝ «Ուսուցչի օրվան» ընդառաջ, կազմակերպվել էր միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, վաստակաշատ ուսուցիչներ:
Մարզի ղեկավարը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին, կարևորել և բարձր գնահատել յուրաքանչյուր մանկավարժի անուրանալի վաստակը:
- Դուք նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի հայրենասիրության դարավոր ոգին, Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը:Շնորհակալություն ձեզ՝ մեծավանդ ու արգասաբեր գործունեության համար,- ասել է Լոռու մարզպետը:

Նա նաև նշել է, որ պարգևատրման համար ընտրվել են մի խումբ ուսուցիչներ և տնօրեններ՝ որոշակի չափորոշիչներից ելնելով, թեև մեր մարզում արժանիները շատ ավելին են:
Արամ Ղազարյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ուսուցիչների մասնագիտական կարողությունները բարձրացնելու և ժամանակակից պահանջներին ուղղված վերապատրաստման ու ատեստավորման ծրագրերին՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն կրթական համակարգի լիարժեք կայացմանը:
Միջոցառման ընթացքում մանկավարժության ոլորտում ունեցած վաստակի և դպրոցի զարգացման գործում ունեցած գնահատելի աշխատանքի համար մարզի ղեկավարը շնորհակալագրերով է պարգևատրել 81 վաստակաշատ մանկավարժի:

Պարգևատրվող մանկավարժների ընտրությունը Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից կատարվել էր հետևյալ սկզբունքով՝
• կամավոր ատեստավորման մասնակցության գործընթացում 90 տոկոս կամ ավելի արդյունք ցուցաբերած,
• 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ,
• ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում տարբեր անվանակարգերում «Լավագույնի» կոչմանն արժանացած տնօրեններ, տեղակալներ, ուսուցիչներ, օգնականներ և խմբակավարներ,
• 2024 թվականի ընթացքում կենսաթոշակի անցած տնօրեններ:

Նշենք, որ Լոռու մարզում գործում է 160 դպրոց, որտեղ աշխատում է 2777 ուսուցիչ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13